Դրա մասին շատ են խոսել հենց նախկին իշխանության ներկայացուցիչները, այն ժամանակ նմանատիպ բամբասանքներ շատ էին հնչում, բայց դրանք ինչպես եղել են բամբասանք, այդպես էլ մնացել են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Նիկոլ Փաշինյանը եղել է Սերժ Սարգսյանի պրոյեկտը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցի անոնսին, նա ասաց. «Կարելի է չշտապել, հասկանալ ինչ է խոսում, ինչի մասին է խոսում եւ ինչպիսի հարցադրումներ է անում մարդը, որը տարիներ շրունակ եղել է ՀՀ ղեկավար եւ մեզ թողել է այնպիսի Հայաստան, ինչպիսին տեսանք եւ ինչպիսի խնդիրների առջեւ կանգնեցինք:

Այն հարցազրույցների շարքը, որը վարում են ՀՀ նախկին ղեկավարները, ավելի շատ ինքնապաշտպանական բնույթ են կրում, քան որեւէ փաստարկ կարող են իրենց մեջ ներառել»:

Արփի Դավոյանը չհամաձայնեց, որ Սերժ Սարգսյանին մերժել է իրենց թիմը. «Սերժ Սարգսյանին մերժել է Հայաստանի ժողովուրդը, բոլոր քաղաքացիները: Եթե միայն մեր թիմի մերժելով լիներ, իրադարձությունների նման ընթացք են նման հանգուցալուծում չէր լինի: Այսինքն , այն ինչ տեղի է ունեցել գրեթե 3 տարի առաջ, եղել է ոչ թե մեր թիմի կամքով, այլ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքը: Դուք ասում եք՝ չկան դատավճիշռներ: Կլինեն դատավճիռներ, եւ ոչ միայն Սերժ Սարգսյանի վերաբերյալ: Այն ինչ ասել ենք, գնում ենք հետեւողականորեն այդ ճանապարհով: Գուցե ճշմարտության ճանապարհը դանդաղ է, բայց դա չի նշանոկում, որ չեն լինելու այն գործերը, որոնք ընթացքի մեջ են: Արդարությունը պետք է հաղթանակի»: