ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

-Պարո՛ն նախագահ, մեզ համար շատ ավելի շոկային էր ամիսներ առաջ համացանցում տարածված մի ձայնագրություն՝ արված 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում, զրուցում եք Դուք և Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, դա գաղտնալսում է փաստորեն, որտեղ նա ձեզ Իլհամ Ալիևի անունից առաջարկում է հինգ միլիարդ դոլար  յոթ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու դիմաց, ինչին Դուք հակադարձում եք՝ ես նրան կտամ 6 մլրդ դոլար թող հրաժարվի այդ շրջաններից: Ես հասկանում եմ, որ  մի քիչ էլ կատակային է հնչում, բայց եթե Դուք ունեիք այդ վեց միլիարդը, ինչու դա չծախսվեց սպառազինության ձեռքբերման վրա:

-Այսպես ասած՝ այդ թեզը, այդ մեղադրանքը տարածողները, կարծում եմ իրենք էլ շատ լավ հասկանում էին, թե ես ինչ եմ ուզում ասել. երբ ես հակադարձում էի Լուկաշենկոյին, ավելի ճիշտ՝ Լուկաշենկոյի միջոցով Ալիևին, ի դեպ, պետք է ասեմ, որ դա առաջին խոսակցությունը չէր, նախկինում էլ ես ունեցել եմ այդպիսի խոսակցություն Ալիևի հետ:

-Նա Ձեզ անձնապե՞ս է առաջարկել այդ գումարը:

-Ոչ, չի եղել այդպիսի բան՝ կա՛մ անձնապես,  կա՛մ պետությանը, ուղղակի այդպես է ասվել: Ես ուղղակի ասում էի հետևյալը՝ Ղարաբաղը չի սակարկվում, մենք չենք կարող սակարկության հանել մեր հայրենիքը, սակարկության ենթակա չեն այն բոլոր մարդիկ , ովքեր իրենց կյանքը տվել են, որպեսզի Արցախը լինի ազատ, անկախ: Դուք արդյոք կասկածո՞ւմ եք, որ եթե հանկարծ մի հրաշքով Ալիևը դրան համաձայներ, ի՞նչ է, մենք ունա՞կ չէինք այդ վեց միլիարդը հավաքելու: Ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակում կհավաքեինք, ես վստահ եմ, որ բոլոր մեծահարուստ հայերը, և ոչ միայն մեծահարուստները, այդ հարցով իմ թիկունքին կանգնած կլինեին:  Ուղղակի, իմ պատասխանը, ոչ թե կատակային էր, այլ չոր էր, որ եթե դու ուզում ես սակարկել, ես պատրաստ եմ ավելի մեծ գումար վճարել, եթե քո չափանիշները չափվում են փողով, ես ավելի բարձր գին եմ տալիս:

-Պարո՛ն նախագահ, Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ առաջարկն արված լինի նաև Ձեր հետնորդին:

-Չեմ կարող բացառել, համենայն դեպս հայտնի է դարձել, որ Ալիևը և կապիտուլանտը գաղտնի բանակցություններ են ունեցել: Հայտնի է, թե ովքեր էին վարում այդ բանակցությունները, հայտնի է, որ հայկական կողմից այսպես ասած օպերատիվ կապն ապահովողը նամակ է հանձնել կապիտուլանտին, և նա այդ նամակը չի պատռել,չի ասել՝ այստեղ անընդունելի բաներ կան, այլ ասել է՝ շատ լավ: Ես չեմ կարող ասել, պնդել, որ այնտեղ հենց առաջարկություն է արվել, չեմ էլ կարող ժխտել, բայց իրադարձությունների զարգացումը ամբողջական իրավունք է տալիս յուրաքանչյուրին ողջամիտ կասկած ունենալու: Սխալների այն շարանը, որ տեղի ունեցավ, կա՛մ միտումնավոր էր, կա՛մ դավադրություն էր, կա՛մ ծայրաստիճան տգիտություն: Որպեսզի մենք կարողանանք  վերջնական եզրակացության հանգել, ապա մենք պարտավոր ենք անցկացնել օբյեկտիվ քննություն, իսկ այս իշխանությունների պարագայում դա անհնար է: Կրկնում եմ, ողջամիտ կասկած ունենալու իրավունք բոլորն ունեն: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ավելի հավանական՝ այն, ինչի մասին հիմա հազարավոր մարդիկ են խոսում, թե՞ Մանվելի «տուշոնկա գողանալը»: Ես համոզված եմ, հանրապետությունում չկա մեկը, որը հիմա հավատում է, որ Մանվելը «տուշոնկա» է գողացել, բայց տասնյակ հազարներ արդեն խոսում են այդ կասկածի մասին: Ես չեմ պնդում, որ այդպես է եղել, չեմ էլ կարող հերքել, ի՞նչը հիմք ընդունեմ հերքելու համար՝ պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձություննե՞րը, թե՞ պատերազմից հետո տեղի ունեցող իրադարձությունները: Եթե Շուշին «դժգույն, դժբախտ» քաղաք է, եթե Շուշին «հայկական չէ», և եթե մարդն ունի այն ցինիկ համարձակությունը խորհրդարանի ամբիոնից պնդելու այդպիսի հիմարություններ, ես կամ ուրիշները ի՞նչ իրավունքով պետք է բացառենք դավադրությունը: Պատկերացնո՞ւմ եք, առանց ցավ զգալու, առանց ափսոսանքի, առանց մեղավորության նշույլի, լկտիաբար արդարացնում են՝ դե ի՞նչ էր, տվել ենք, տվել ենք, ի՞նչ եք ուզում:

-Արցախի հետ կապված՝ այո, բայց Սյունիքի հետ կապված իրենք հղում են անում Ձեր իշխանավարման օրոք ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին, որով Սյունիքի արտաքին սահմանագծի մանրամասն նկարագրություն է տրվում:

-Մասնագետներն այդ մասին խոսել են, ես չեմ ուզում մասնագիտական գնահատական տալ, հատկապես, որ 2017-ին այդ օրենքը դադարել է գոյություն ունենալուց: Բայց սա առիթ է մեկ այլ թեմայի անդրադառնալու համար: Իհարկե, այն ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո, մենք չէինք կարող գրել, մեր օրենքներով պաշտոնական բնույթ տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ գոյությանը: Մենք չէինք կարող գրել, որ Հայաստանի Հանրապետության հարևանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է:

-Այդ պատճառով գրված է՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահման:

-Այո, մենք չէինք կարող այլ կերպ գրել, որովհետև դա կենթադրեր մասնակիորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ ճանաչելը նշանակում էր վերջ տալ բանակցային պրոցեսին, իսկ բանակցային պրոցեսը փակուղի մտցնելը, մենք տեսանք, թե ինչի է բերում՝ պատերազմի: Բայց եթե մի քիչ հետ գնանք, ու հիշենք  Ապրիլյան պատերազմի օրերը, ապա ես այդ ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցի, որ եթե այս պատերազմը երկարաձգվի, ապա ՀՀ-ն ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Փառք Աստծո, պատերազմը կարճ տևեց , պատերազմի արդյունքում ունեցանք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և ես  համարեցի, որ դեռևս վաղ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու 44 օրվա ընթացքում այս իշխանությունները չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

-Դա կարելի՞ էր անել այդ օրերին:

-Դա պարտավոր էին անել: Եթե համանախագահները, եթե միջազգային հանրությունը համարում էր, որ բանակցային պրոցեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը ՀՀ-ի կողմից կլիներ բանակցությունները տանել փակուղի, և որպես արդյունք ունենալ ռազմական գործողություններ, բա եթե արդեն ռազմական գործողություններ են, ապա  էլ ի՞նչն էր խանգարում ճանաչել անկախությունը:

-Հիմա արդեն ուշ է ճանաչել, Մոսկվայից մեզ ասում են՝ դեռ ժամանակը չէ կարգավիճակի քննարկման:

-Ես կարծում եմ, որ մենք վաղ թե ուշ դրան հասնելու ենք, բայց  մենք պետք է խելամտություն ցուցաբերենք և կարողանանք  ճիշտ ժամանակը գտնել, մենք պարտավոր էինք դա անել և աշխարհին ասել, որ մենք ճանաչում ենք անկախությունը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը փորձենք փրկել բնաջնջումից: Ես կարծում եմ, որ դա ոչնչով չէր խանգարի: Չնայած, իհարկե, այսպիսի արդյունքի պարագայում չեմ բացառում, որ կապիտուլանտի առաջ կդնեին նաև պարտականություն՝ անկախությունը հետ ճանաչելու:

-Կրիտիկական պահն ամեն դեպքում կորսված է, պատերազմի ժամանակ եթե ճանաչում չեղավ , հիմա շատ ավելի ծանր կլինի մեր դիվանագիտության համար:

-Այո, միանշանակ:

-Ես պետք է հիշեցնեմ պատերազմի օրերին մի  աննախադեպ բացառիկ երևույթի մասին՝ ՀՀ և Արցախի նախկին հինգ նախագահներ հանդիպեցին՝ մի կողմ թողնելով նախկին բոլոր քաղաքական տարաձայնությունները: Նրանք պատրաստակամություն հայտնեցին հանուն պետության գործելու և միասնական դիրքորոշմամբ հանդես գալու: Հիշում ենք, նաև, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները պատրաստ էին մեկնել Մոսկվա: Ինչո՞ւ ոչ Դուք, պարո՛ն նախագահ:

-Նախ պետք է ասեմ, որ, իրոք, աննախադեպ էր այդ որոշումը, և մյուս կողմից էլ աննախադեպ էր, որովհետև իրավիճակը շատ ծանր էր, ուստի Լեռնային Ղարաբաղի երկու պաշտոնաթող նախագահի՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի առաջարկությամբ, մենք հանդիպեցինք և որոշում կայացրեցինք, որ անհրաժեշտություն կա Մոսկվա գնալու: Այդ առիթով անհրաժեշտություն կար  գործող իշխանությունների հավանությունը ստանալու այդ ուղևորության համար, բայց սրանց դա պետք չէր, ամենայն հավանականությամբ դա պետք չէր, որովհետև որևէ կերպ չաջակցեցին, բայց կարծում եմ, դա օգտակար կլիներ: Շատերը հարցնում են՝ ի՞նչը օգտակար կարող էր լինել: Ասեմ, գոնե համանախագահող երկրներից գոնե մեկը , գոնե մեր դաշնակից երկրի ղեկավարությունը, ընդ որում խոսքը ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին չէր, խոսքը ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպման մասին էր, գոնե, ինչպես ասացի, մեր դաշնակից երկրի ղեկավարությունը, համանախագահ երկրի ղեկավարությունը, կտեսներ, որ Հայաստանում նաև այլ կարծիք կա, և այդ կարծիքը լայն տարածում ունի: Սա էր ամբողջ նպատակը:

-Այսինքն՝ իշխանության կողմից որևէ պատրաստակամություն, որևէ արձագանք չեղա՞վ ձեր այդ նախաձեռնությանը:

-Ոչ, ոչ, նրանք խորհուրդ տվեցին ինքնուրույն գնալ և հանդիպել այլ պաշտոնյաների:

-Առանց որևէ կարգավիճակի՞, հատուկ բանագնացի կարգավիճակ չէի՞ն շնորհել:

-Խոսքը նույնիսկ կարգավիճակի մասին չէր, խոսքը նրա մասին էր, որ գոյություն ունեն գործող իշխանություններ և որպեսզի ռուսաստանցի մեր գործընկերներին չդնեինք անհարմար իրավիճակում, իշխանությունները ուղղակի պետք է ասեին, որ իրենք դեմ չեն այդ հանդիպմանը, այդքան բան: Չարվեց:

-Պարո՛ն նախագահ, մենք քիչ առաջ խոսում էինք ճանաչման մասին: Ճանաչում դե յուրե չի արվել, բայց դե ֆակտո հո ՀՀ վարչապետը Ստեփանակերտի կենտրոնում հայտարարել է, որ Արցախը Հայաստան է և վերջ: Ճիշտ է, դա ոչ միանշանակ ընկալում ունեցավ միջազգային հանրույթում,  համանախագահներն էլ տարակուսեցին, Ալիևն էլ սկսեց օգտվել այդ թեզից, բայց գոնե խոսքային մակարդակով արձանագրվեց, թե ումն է Արցախը:

-Ես կարծում եմ, որ չնայած այն հանգամանքին, որ շատ-շատերն այդ արձանագրության հեղինակին մեղադրում են այդ արտահայտությամբ բանակցային գործընթացին վնասելու համար, ես մի քիչ այլ տեսանկյունից եմ նայում: Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունն ուղղված չէր Ադրբեջանին և համանախագահներին, թեև և՛ Ադրբեջանը, և՛ համանախագահները կարող էին, ունեին իրավունք այդպես հասկանալու: Ես հասկացել եմ այլ բան, որ այդ հայտարարությունը ուղղված է հենց ԼՂ բնակչությանը: Ի՞նչ էր ասում, ասում էր՝ ես եմ այստեղ տերը, տիրակալը, և ես եմ ասում, թե ում պետք է նախագահ ընտրեք:  Դա հետո երևաց նախագահական ընտրությունների ժամանակ և այլն, և այլն: Այսինքն՝ իրեն պետք էր Ղարաբաղում խամաճիկ ղեկավարություն, որպեսզի որևէ կերպ որևէ հարցում փոքր իսկ հակադրություն չցուցաբերեր, և նա հասավ իր նպատակին: Ես հստակ ասում եմ՝ երբեք Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությունը այդքան չէր նսեմացվել, չէր ցածրացվել, ինչպես 2018-ից հետո: Երբեք: Լևոն Տեր-Պետրոսյան – Ռոբերտ Քոչարյան հարաբերություններում այդպիսի նշույլ անգամ չէր եղել, հետո երբ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահն էր, Արկադի Ղուկասյանը՝ Լեռնային Ղարաբաղի, բացարձակապես այդպիսի բան չկար, գոյություն չուներ նման բան, երբ  ես էի ՀՀ նախագահը, Բակո Սահակյանը Ղարաբաղի նախագահն էր:

-Տարաձայնություննե՞ր են նույնիսկ գոյություն ունեցել:

-Այո, բայց այդ տարաձայնությունները չեն խանգարել, ես կարծում եմ, նորմալ հարաբերությունները հենց դրանով իսկ բնորոշվում են, որ ճշմարտությունը ծնվում է հենց այդ բանավեճի մեջ, ոչ թե հակադրության մեջ, այլ բանավեճի: Եթե մենք ինքներս չենք հարգում այդ ինստիտուտը, բա ի՞նչ ենք ակնկալում ուրիշներից, բա օտարները ինչո՞ւ պետք է հարգեն, ընդունեն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, եթե մենք չենք ընդունում: Եթե ՀՀ անկախության տարեդարձի միջոցառմանը ՀՀ նախագահի, վարչապետի, Վեհափառ հայրապետի, Ղարաբաղի նախագահի ներկայությամբ հիմարաբար ասում են՝ Լեռնային Ղարաբաղի մարզպետ, ու որևէ մեկը որևէ ռեակցիա չի տալիս, ինչո՞ւ պետք է Ադրբեջանը կամ համանախագահներն ասեն՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ:

-Ասացին՝ վրիպակ է եղել, սխալմունք է եղել, միտումնավոր չի եղել:

-Բա հնարավո՞ր չէր սխալը տեղում ուղղել, բա մասնակիցները թամաշայի՞ են եկել, դա քաղաքական միջոցառում է, և քաղաքական կոպիտ սխալը պետք է ուղղել տեղում: Բա այն մնացածն ինչո՞վ են բացատրում, երբ սրանց համակիրները Երևանում իբր միտինգ են անում և ասում են, որ պետք է ջախջախել Լեռնային Ղարաբաղի ղեկավարի գլուխը: Բա  ինչպե՞ս է, երբ հիմա կոչ են անում վարչապետի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառել և միանգամից հայտնվում են ճաղերի հետևում, իսկ այն ժամանակ դա այդպես կարելի՞ էր, հա՞: Մեր վերաբերմունքով պայմանավորված՝ ուրիշներն էլ պետք է շատ ավելի վատ վերաբերմունք ցուցաբերեն:

-Բայց մյուս կողմից էլ չէ՞ որ փորձում էր Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց՝ որպես  ինքնուրույն կողմ:

-Դա երկու նպատակ ուներ. մի նպատակը  ժամանակ ձգձգելն էր, և երկրորդ նպատակն էր… Դրա մասին լռեմ, բայց պետք է ասեմ, որ մենք ժամանակին զգուշացրել էինք այդ թեզի վտանգավորության մասին: Արմեն Աշոտյանի բերանով, Շարմազանովի բերանով, տարբեր քաղաքական գործիչների բերանով  զգուշացրել էինք, որ սրան հետևելու է կոշտ վերաբերմունք, սրան  հետևելու է այսպես ասած՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի վերականգնման պրոցես, և ինչպես տեսանք, դեսպանները  սկսեցին հանդիպումներ ունենալ և այլն: Այսինքն, չէր կարելի, անթույլատրելի էր այդպիսի մոտեցումը:

-Պարո՛ն նախագահ, ի վերջո, վերջին պատերազմի ընթացքում խախտվեց կարգավորման երեք հիմնական սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Մենք 25 տարի լսել ենք, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում, դա հերիք չէ՝ մենք ենք խոսել, դեռ մի բան էլ համանախագահներն են ասել, դա լսել ենք նաև իրենցից: Ինչո՞ւ պատերազմի 44 օրվա ընթացքում, դրանից հետո էլ համանախագահներն այս հարցում լուռ էին:

-Այո, խախտվել է, իսկ ինչո՞ւ պետք է համանախագահները  դրա մասին բարձրաձայնեին, երբ կողմերից մեկը բազմաթիվ անգամ հաշվի չի առել նրանց ասածները, երբ դու համանախագահներից գաղտնի, թաքուն բանակցությունների մեջ ես մտնում Ալիևի հետ, երբ դու ասում ես՝ այն, ինչ դուք ասել եք, պարոնա՛յք համանախագահներ, դա թողեք մի կողմ, ես այսպես եմ ուզում: Կարծում եմ, մենք մարտավարական սխալ թույլ տվեցինք՝ անդրադառնալով իրադարձություններին, էվոլյուցիան ցույց չտալով: Այսինքն՝ ի՞նչ հետևեց դրան, երբ այս կապիտուլանտը սկսեց հայտարարել, որ իր կետից է բանակցում, որ ամեն ինչ վատ է, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին և այլն, դրանք խոսքեր էին, բայց դրանք դարձան փաստաթուղթ 2018-ի ավարտին, երբ առաջին անգամ տասը տարվա ձևակերպումներից հետո երեք սկզբունքները ԵԱՀԿ նախարարական համաժողովում փոխվեցին արդար հանգուցալուծման:

-Դա մեզ իբրև ձեռքբերում էր ներկայացվում այն ժամանակ:

-Որովհետև եթե դու չես կարողանում պրոցեսը պատկերացնել, ցանկացած պրոցես կարող է ձեռքբերում թվալ:

-Այսինքն՝ այդ ժամանակ արդեն բանակցությունները տասնամյակների հունից դուրս եկան:

-Այո, իհարկե, որովհետև դու երեք սկզբունքները փոխարինում ես անորոշ «արդար լուծմամբ», իսկ ո՞ւմ համար արդար:

-Ասել է վարչապետը՝ երեք ժողովուրդների:

-Բայց այն, ինչ ինձ համար է արդար, Ձեզ համար կարող է անարդար լինել և հակառակը: Իսկ երեք ժողովուրդների ընդունելի լուծման մասին ցնդաբանությունը բերեց պատերազմի, որովհետև ինչպես հասկացանք, Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելին դա էր:

Եվ ընդհանարապես, ի՞նչ է նշանակում երեք ժողովուրդների, այսինքն` մենք Ղարաբաղի հետ երկու ժողովո՞ւրդ ենք, մենք տարբե՞ր ժողովուրդներ ենք: Ախր ամեն մի այսպես ասած՝ առաջին հայացքից ընդունելի, իրենց կարծիքով՝ ժամանակակից ձևակերպումներով կարելի է ցանկացած հիմարություն այդպես փաթեթավորել, արդյունքը տեսանք ինչ եղավ:

Վերադառնանք Ձեր հարցին: Եթե դու հրաժարվում ես սկզբունքներից, այդ թվում՝ ուժի  չկիրառման, համանախագահներն ի՞նչ պետք է անեին, եթե դու չես ուզում, որ այդ սկզբունքը լինի: Հետո, երևի ուրիշների հուշումով հասկանում ես, որ դա շատ կարևոր է, փորձում ես նորից ասել, որ Մադրիդյան սկզբունքները պիտանի են, հետո նորից ինչ-որ ցնդած Մյունխենյան սկզբունքներ ես առաջ քաշում, համանախագահները ո՞նց կողմնորոշվեն, դժվար է կողմնորոշվել: Ես չեմ արդարացնում  որևէ մեկին, ես ուղղակի իրավիճակն եմ բացատրում:

-20 թվականի մայիսին վարչապետը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ և՛ մենք ենք կառուցողական, և՛ Ադրբեջանն է կառուցողական: Սա բացառիկ հայտարարություն էր, ես չեմ հիշում այլ առաջնորդի, որը խոսեր Ադրբեջանի կառուցողական լինելու մասին: Ըստ Ձեզ՝ ի՞նչն էր կառուցողական:

-Իսկ ինչո՞ւ ՀՀ նախկին ղեկավարների. Դուք բերեք գեթ մեկ օրինակ, որ որևէ հակամարտող երկրի նախագահ կամ ղեկավար կառուցողական անվանի մյուս կողմի ղեկավարին:  Կարելի է նրան գրագետ, քաղաքակիրթ անվանել, բայց ի՞նչ կառուցողական: Եթե կառուցողական է, եթե Ալիևի քայլերը կապիտուլանտը համարում է կառուցողական, ապա նա պետք է  բացատրի՝ այդ որ քայլերը՝ ռազմական գործողություններ սկսե՞լը, թե՞ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել , թե՞ գաղտնի խոստումներ են տվել իրար, և Ալիևն այդ խոստումները չի կատարել: Մյուս կողմից էլ Ալիևն ասում է, որ հայկական կողմն իր տված խոստումները չի կատարել: Ալիևը բազմիցս ստորացրեց, ինչ ասես ասաց, որևէ պատասխան չհետևեց, իսկ մինչ պատերազմը, երբ ես փորձեցի ինչ-որ կերպ արձագանքել Ալիևին, Ալիևն ու այս կապիտուլանտը միացան և սկսեցին իմ դեմ պայքարել: Շատ տարօրինակ է: