Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը որեւէ միջանցքի ստեղծման մասին դրույթներ չի պարունակում: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա եւ լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։

Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին:

— Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ առկա է հատուկ դրույթ Նախիջեւանի միջանցքի ստեղծման մասին»: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

— Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է «տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման» մասին, եւ հենց այս մոտեցմամբ է Հայաստանը հանդես գալիս տարածաշրջանում կայունություն հաստատելու եւ համագործակցության հեռանկարների հարցերում: Վերոնշյալ կետը չի պարունակում որեւէ միջանցքի ստեղծման դրույթներ: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա եւ լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։