Վարչապետը սկսում է նոր էջից, բայց չէ՞ որ մենք ստացել ենք ժառանգություն: Մենք ստացել ենք ինչ-որ մի կետ, որից պետք է սկսել բանակցությունները: Նախկին իշխանությունները  չեն ասում, թե ինչ կետի վրա են նրանք թողել բանակցությունները. նրանք ազնվորեն երբեք չեն ասել՝ ինչ են բանակցում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը:

«Նախկինները գնացել ինչ են բանակցել, եկել են այստեղ ինչ են ասել: Ասում են այն, ինչ հարմար են գտնում, ինչն իրենց ձեռք է տալիս: Բանակցությունների գործընթացի վերաբերյալ ինչ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր սեփական կետից սկսելու վերաբերյալ և ընդհանրապես, ինչ որ ասել է վարչապետը, ասել է այն, ինչ եղել է այն պահին, երբ ինքը դարձել է ՀՀ վարչապետ և ինքը ինչպես է սկսել բանակցությունները և ինչպիսի ընթացք է ունեցել»,-ասաց նա:

Արփինե Դավոյանը չցանկացավ մեկնաբանել Փաշինյանի ասածը, քանի որ գտնում է՝ վերջինս, արդեն ասել է այն, ինչն իրականում կար:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի վարկանիշի զգալիորեն նվազելու մասին՝ պատգամավորը նշեց, որ ցանկացած իշխանության վարկանիշ երբեք չի մնում այն, ինչ լինում է իշխանության գալու սկզբին, սակայն վարկանիշը դեռ կչափեն այն ժամանակ, երբ կլինեն ընտրություններ և ըստ նրա՝ այդ պահին վարչապետի հրաժարականի պահանջ չկա հանրության մեջ:

«Եթե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ լինի հանրության մեջ, հանրությունից կգան այդ ազդակները, նման ազդակներ հիմա չեն գալիս: Մենք քաղաքացիների հետ շփվում ենք այնպես, ինչպես միշտ շփվել ենք նախկինում, որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»,-նկատեց նա: