2018 թվականի բանակցային գործընթացը չի եղել փակուղում: Փաշինյանի ասածները խոսում են միայն ու միայն այն մասին, որ ինքը, նույնիսկ գրեթե երեք տարի աշխատելով որպես վարչապետ, այսինքն՝ լինելով գլխավոր բանակցող, այդպես էլ չի հասկացել բանակցությունների իմաստը, թե ընդհանրապես ինչ են բանակցում։  Այս մասին Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Սերժ Սարգսյանը` անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե «Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ իբրև ժառանգություն ստացել է բանակցային մի փաթեթ, որում բովանդակային բանակցություններ սկսել կամ շարունակել արդեն իսկ հնարավոր չէր»։

«Մենք երբեք, երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու։ Բայց բանակցությունները այս մարդկանց համար տալու կամ չտալու խնդիր էին, ինչը անհեթեթություն է, անհեթեթություն՝ միգուցե ինչ-որ չափով բնորոշ այդ կարգի մարդկանց համար։ Մեր ցանկացածը և մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում, երբեք։ Դա էր մեր կարմիր գիծը, և մենք այդ գիծը պաշտպանել ենք մինչև 2018-ի ապրիլի 23-ը»,-ասաց նա: