Գյումրիում այսօր մի խումբ քաղաքացիներ հանրահավաք են կազմակերպել՝ հաջակցություն ներկայիս իշխանությունների:

Դերասան Գնել Սարգսյանը, ով վերջերս ընտրվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ, ելույթ ունեցավ ի պաշտպանություն իշխանությունների՝ «Ես համարում եմ՝ մենք էս պատերազմը հաղթել ենք, քանի որ միասնական ենք եղել»:

«Մենք տանուլ ենք տվել ճակատամարտը, բայց պատերազմը մենք ենք հաղթելու՝ մեր միասնականության շնորհիվ…: Այսօր շատ են հնչում խոսքեր, որ մեր ժողովուրդը պետք է լինի միասնական. դիմում եմ նման բաներ ասողներին՝ չգիտեմ, թե դուք որ ժողովրդի մասին եք խոսում, բայց մեր ժողովուրդը միասնական է: Այո՛, մի փոքր հուսահատություն կա, ծանր տրամադրություններ կան. իսկ դա բնական չէ՞ մի ժողովրդի համար, ով գրեթե ոչնչից բանակ էր ստեղծում ու երկու տարի հետո հարձակվեց իր վրա թշնամին: 44 օր հերոսական պայքար մղեց էն դեպքում, երբ անգամ էդ ընթացքում էլ էիք քանդում»,- հայտարարեց նա ելույթի ընթացքում: