Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, ով քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում հաճախակի հանդիպումներ էր ունենում Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետ, սկսել է ակտիվ հանդիպումներ ունենալ նաեւ ՀԱԿ որոշ անդամների հետ։ Մասնավորապես Irakanum.am-ի տեղեկություններով Արսենյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ, միասին նաեւ «քաղաքական զբոսանքներ» իրականացնում։ Թե ինչ առիթով են սկսել հանդիպել ՄԱԿ-ի ու ՀԱԿ-ի ներկայացուցիչները թերևս կարելի է կռահել։

Ինչպես հայտնի է Գուրգեն Արսենյանը գործող իշխանության երկրպագուներից է։ Բավականին վերջերս էլ գնացել էր Հանրային հեռուստաընկերություն, ասելու, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին։

Mediaport- տելեգրամյան ալիքն այդ ժամանակ գրեց, որ աջակցության դիմաց Նիկոլ Փաշինյանը Արսենյանին խոստացել է բանտից ազատել նրա որդուն, որին հայրը կոչել է իր պատվին՝ Գուրգեն Արսենյան, ու թեև կրտսեր Արսենյանը 21 տարեկան է, բայց մի քանի անգամ հասցրել է դատապարտվել՝ տարբեր հանցագործությունների համար։

Վերջին մեղադրանքը նրան առաջադրվել է 2020թ. սեպտեմբերի 9-ին՝ տան աշխատողից բռնություն գործադրելու սպառնալիքով 20.000 դրամ պահանջելու և ստանալու համար։ Նշվում է, որ Արսենյանի որդին գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ, առհասարակ տառապում է թմրամոլությամբ։
Ավելի վաղ Արսենյանի որդուն մեղադրանք էր առաջադրվել Երևանի Աբովյան 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց կատարած խուլիգանության համար։ Իսկ նախքան այդ էլ Արսենյանի որդին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ զինվորական օրինախախտումների համար, դատապարտվել էր 7 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական պատիժ էր կիրառվել, և սահմանվել էր 1 տարի փորձաշրջան:

ՀԱԿ-ը բավականին կոշտ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ, և երբեմնի դաշնակիցների հարաբերություններն էլ ավելի լարվեցին Փաշինյանի՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո, հետեւաբար առնվազն զարմանալի է, որ ՀԱԿ փոխնախագահը շարունակում է շփումները իրեն Փաշինյանի աջակից հայտարարած Արսենյան Գուրգենի հետ։

Irakanum.am