08.02.2021թ.-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Հիշյալ հայտարարությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում Զարուհի Փոստանջյանը հրավիրվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու եւ բացատրություններ տալու:

Զարուհի Փոստանջյանը, ներկայանալով վարույթն իրականացնող մարմին, շարունակել է պնդումներ կատարել ՀՀ վարչապետի եւ նրա կնոջ կողմից հանցանք կատարելու վերաբերյալ` հրաժարվելով, սակայն, հանցագործության մասին գրավոր հաղորդում եւ բացատրություններ ներկայացնելուց:

Արդյունքում` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հերքվել են Զարուհի Փոստանջյանի հայտնած վերոնշյալ տեղեկությունները, եւ 15.02.2021թ.-ին որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցադեպի բացակայության հիմքով:

Նկատի ունենալով, որ Զարուհի Փոստանջյանի արարքում առերեւույթ առկա են սուտ մատնության հատկանիշներ, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը որոշելու նպատակով: