ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիք է համարում Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ճանապարհորդությունների ժամանակ նրանց ուղեկցող թիկնապահների գործուղումների համար պետական միջոցներից ծախսված գումարի չափը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աննա Հակոբյանը դուստրերի հետ 2021թ հունվարի 14- ին մեկնել է Մոսկվա։ Ըստ շրջանառվող լուրերի՝ միայն տոմսերի համար ծախսվել է ավելի քան 10 հազար ամերիկյան դոլար։ Մոսկվայում շուրջ մեկ շաբաթ մնալուց հետո Հակոբյանը մի քանի օրով վերադարձել է ՀՀ, ապա հունվարի 30-ին կրկին մեկնել արտերկիր, այս անգամ՝ ԱՄՆ՝ ըստ մամուլի տեղեկությունների՝ ԱՄՆ-ում իր ծննդյան տարեդարձը նշելու։

«Փաստինֆ»-ն գրավոր հարցմամբ դիմել է ԱԱԾ՝ պարզելու, թե ԱԱԾ պետական պահպանության ծառայության քանի ծառայող է ուղեկցել Աննա Հակոբյանին և նրա դուստրերին՝ Մոսկվա, ինչպես նաև՝ ԱՄՆ կատարած շրջագայության ժամանակ, որքան է թիկնապահների ուղեւորությունն արժեցել սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի մեջ գտնվող երկրի բյուջեի վրա։ Մասնավորապես՝ խնդրել էինք տեղեկացնել, թե պետական պահպանության ծառայության քանի ծառայող է ուղեկցել Նիկոլ Փաշինյանի տիկնոջն իր մասնավոր այցերի ժամանակ, որքան է կազմել նրանց գործուղման ծախսը, այդ թվում՝ ինքնաթիռի տոմսը, գիշերակացի և օրապահիկի չափը, սակայն ԱԱԾ-ն խուսափել է պետական բյուջեից ծախսված գումարի մասին տեղեկություն տրամադրել՝ պետական գաղտնիք է։

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ պետական պահպանությունն իրականացվում է գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության սկզբունքներով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Պետական պահպանության ծառայությունում պետական և ծառայողական պաշտպանությունն իրականացվում է պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրության համաձայն։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում