Մեծ Բրիտանիայում գտնվող Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca դեղագործական ընկերության կողմից մշակված հակակորոնավիրուսայի պատվաստանյութը կփորձարկվի 6-ից 17 տարեկան 300 երեխաների և դեռահասների խմբի վրա: Այս մասին ասվում է համալսարանի տարածած հաղորդագրությունում:

«Համալսարանը սկսում է ChAdOx1 nCoV-19 պատվաստանյութի անվտանգության ուսումնասիրությունը դեռահասների և երեխաների համար: Հետազոտությունը կկատարվի Լոնդոնի, Սաութհեմփթոնի և Բրիստոլի երեք կենտրոններում»,- ասվում է փաստաթղթում ու նշվում՝ փորձարկումը կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի աշխարհում առաջին ուսումնասիրությունը, որն իրականացվում է ոչ միայն 16-17 տարեկան դեռահասների, այլև փոքր երեխաների շրջանում, որոնցից առաջինները դեղամիջոցը կստանան սույն ամսվա ընթացքում:

Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութերի փորձարկման ծրագրի ղեկավար պրոֆեսոր Էնդրյու Փոլարդի խոսքով՝ «թեպետ երեխաների մոտ կորոնավիրուսը համեմատաբար մեղմ է լինում, կարևոր է պարզել, թե որքան ուժեղ է ընկերության պատվաստանյութի առաջացրած իմունային պատասխանը երեխաների և երիտասարդների մոտ և որքանով է այն անվտանգ նրանց համար, քանի որ որոշ երեխաների համար այն կարող է օգտակար լինել»:

Նշենք, որ բրիտանական մանկաբուժության և երեխաների առողջության թագավորական քոլեջի մասնագետների խոսքով՝ մինչ օրս աշխարհում բավարար տվյալներ են հավաքվել, որոնք ապացուցում են այն փաստը, որ երեխաների շրջանում COVID-19-ով վարակումը շատ ավելի հազվադեպ է հանգեցնում բարդությունների և մահվան, քան տարեց մարդկանց շրջանում: Ինչ վերաբերում է երեխաների կողմից հիվանդության տարածմանը, ապա մասնագետներն նշում են, որ այս պարագայում նրանց դերը դեռ ճշգրտորեն սահմանված չէ: