Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները կասեցրել են Թուրքիայից երկիր 24,5 տոննա վարակված կարտոֆիլի ներմուծումը: Այս մասին ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարությունում:

Նշվում է՝ կարտոֆիլը չի անցել վնասակար միկրոօրգանիզմների լաբորատոր փորձարկումները, որից հետո ապրանքի ներմուծումը կասեցվել է։

Ըստ գերատեսչության տվյալների՝ փորձ է արվել Սարպիի անցակետով տեղափոխել մարդու առողջության համար վտանգավոր 24500 կիլոգրամ կարտոֆիլ:

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության վարչության աշխատակիցները ներմուծվող բանջարեղենում հայտնաբերել են կարտոֆիլի քաղցկեղի հարուցիչ`ախտածին սունկ (Synchytrium endobioticum):

Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ նշված բեռը պետք է վերադարձվի արտահանող երկիր: