Ալեքսեյ Նավալնու պաշտպանությունը, որի համար «Իվ Ռոշե»-ի միջոցների հափշտակության գործով պայմանական պատիժը փոխարինել են գաղութով, դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Օլգա Միխայլովան:

«Մենք դիմել ենք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանը չի կատարում «Իվ Ռոշե»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը»,- ասել է փաստաբանը: Նրա խոսքով՝ դիմումը կքննարկվի մարտին:

Միխայլովան նշել է, որ դատարանի որոշումը չկատարող չարամիտ խախտողների հանդեպ կարող է կիրառվել Մարդու իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի 46-րդ հոդվածը, որը ՄԻԵԴ-ի որոշումները պարտադիր ուժ է համարում: Նրա խոսքով, առայժմ այս հոդվածը մեկ անգամ է կիրառվել` Ադրբեջանի հանդեպ, մարդուն ի վերջո ազատ են արձակել:

Նախարարների կոմիտե ներկայացված փաստաթղթում հիշատակվում է, որ ՄԻԵԴ-ը ճանաչել է կոնվենցիայի երկու արդար դատաքննության իրավունքի մասին եւ բացառապես օրենքի հիման վրա պատժի մասին հոդվածների խախտումները: Նավալնու ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանը չի ցանկանում կատարել ՄԻԵԴ-ի այս որոշումը:

Մինչդեռ ավելի վաղ Ռուսաստանը ամբողջությամբ վճարել էր Ստրասբուրգի կողմից սահմանված փոխհատուցման գումարները (մասնավորապես` տնային կալանքի տակ պահելու համար)` ավելի քան 80 հազար եվրո: Բացի այդ, ՄԻԵԴ-ի որոշումից հետո Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը վերսկսել է վարույթը, բայց արդյունքում անփոփոխ է թողել վճիռը: Ռուսաստանն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները: