«Իսկանդեր» հրթիռները գործարկելու հրամանը գալիս է տեքստային հաղորդագրության տեսքով։ Ուղարկվում է «Պատրաստականություն 1» հաղորդագրությունը, որը զինվորականները կոչում են SMS: Այս մասին «Ռոսիյսկայա գազետային» պատմել են հրթիռայինները։
Հաղորդագրությունն ունի նաև գաղտնի բաղադրիչ, որը պարունակում է թիրախի կոորդինատները, ինչպես նաև թվերի և խորհրդանիշների ամբողջություն: SMS ստանալուց հետո համալիրը գործարկող հրթիռայինը սկսում է հաշվարկը, իսկ ստացված ծածկագիրը մուտքագրում է բորտ համակարգիչ:
«Հետո հրամանատարը սեղմում է «Ռեժիմ» կոճակը, այնուհետև արդեն մեքենան գործում է ինքնուրույն։ Պտտեցնում է հրթիռային գիրոսկոպները, իջեցնում հենակները, բացում տանիքը, բարձրացնում հրթիռը և այլն», — բացատրել են զինվորականները: Գործարկման համար նախապատրաստումը տևում է ութ րոպե, որից յոթի ընթացքում հրամանը կարող է չեղարկվել: Մեկնարկից մեկ րոպե առաջ հրթիռային շարժիչում սկսվում է քիմիական ռեակցիա: «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրը նախատեսված է՝ բարձր ճշգրտությամբ ոչնչացնելու հակառակորդի կրիտիկական թիրախները մինչև 500 կիլոմետր հեռավորության վրա: Հրթիռի արագությունը մոտ վեց անգամ գերազանցում է ձայնի արագությանը: