Իտալիայի նախագահ Սերջիո Մատտարելլան շաբաթ օրն ընդունել է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարիո Դրագիի՝ նոր վարչապետի երդմնակալությունը, հաղորդում է Reuters-ը:

Իտալիայի հիմնական բոլոր կուսակցությունները, բացառությամբ մեկի, սատարել են Դրագիին, եւ նրա կաբինետում ընդգրկված են քաղաքական ողջ սպեկտրը ներկայացնող խորհրդարանականներ, ինչպես նաեւ առանցքային պաշտոններ զբաղեցնող տեխնոկրատներ, ներառյալ ֆինանսների նախարարությունը եւ «կանաչ» անցումային նոր պորտֆելը:

Հիմա շատ բան կախված է Դրագիից:

Նրա առջեւ խնդիր է դրվել համավարակից հետո Իտալիայի վերականգնման ծրագիր մշակել, եւ նա պետք է անհապաղ սկսի Եվրամիության միջոցներից ավելի քան 200 միլիարդ եվրո ծախսելու պլանների կազմման աշխատանքները, որոնք ուղղված կլինեն տնտեսության վերականգնմանը:

Հաղթելու դեպքում Դրագին, ամենայն հավանականությամբ, կամրապնդի ամբողջ եվրոգոտին, որը վաղուց անհանգստացած է Իտալիայի մշտական խնդիրներով: Հաջողությունը Իտալիայի հոռետեսականորեն տրամադրված հյուսիսային դաշնակիցներին նաեւ կապացուցի, որ ամենաաղքատ հարավին միջոցներ առաջարկելով՝ նրանք կամրապնդեն ամբողջ դաշինքը:

Բայց նրան լուրջ խնդիրներ են սպառնում: Իտալիան խրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր ամենավատ անկման մեջ, հարյուրավոր մարդիկ դեռ ամեն օր մահանում են կորոնավիրուսից, պատվաստումների արշավը դանդաղ է ընթանում, եւ նա շատ քիչ ժամանակ ունի դրանով զբաղվելու համար:

Դրագիի ղեկավարությամբ կառավարությունը 67-րդն է 1946 թվականից ի վեր եւ յոթերորդն է միայն վերջին տասնամյակում: