Շուրջ 22 երկրում և 4 միջազգային կազմակերպությունում փոխվել են Թուրքիայի Հանրապետության դեսպանները: Դիվանագետների նոր ցուցակը հրապարակվել է երկրի կառավարության Resmi Gazete պաշտոնական տեղեկագրում:

Ի թիվս այլոց, փոխվել են Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունում (ԵԱՀԿ), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում (ՏՀԶԿ) և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Թուրքիայի մշտական առաքելությունների ղեկավարները:

Միևնույն ժամանակ, ավելի քան 2 տասնակ երկրներում փոխվել են երկրի դեսպանները: Ըստ այդմ՝ Քենան Յըլմազը նշանակվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Թուրքիայի դեսպան, Եմենի մայրաքաղաք Սանայում դիվանագիտական առաքելության ղեկավար է նշանակվել Մուստաֆա Պուլատը, իսկ Էմրե Զեքի Կարագելն այսուհետ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Թուրքիայի դեսպանն է:

Ինչ վերաբերում է Օլգյուն Բեքարին, ապա վերջինս նշանակվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում դիվանագիտական առաքելության նոր ղեկավար:

Բացի այդ, Թուրքիայի նոր դեսպաններ են նշանակվել Ուրուգվայում, Նոր Զելանդիայում, Պարագվայում, Քաբուլում, Պանամայում, Բրունեյում, Զամբիայում, Լիբանանում, Կուբայում, Տոգոյում, Դոդոմայում, Ֆրանսիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Շվեյցարիայում, Սլովենիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Կամերունում, Սլովակիայում, Բահրեյնում, Մոզամբիկում, Գվինեայում և Թունիսում: