Հայաստանի տարածքում այսօր՝ փետրվարի 13-ին, տեղի ունեցած 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության հետ կապված որեւէ տեխնիկական խնդիր չի առաջացել: Այս մասին NEWS.am-ին ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:

«Խնդիրներ չեն առաջացել, քանի որ երկրաշարժի ուժգնությունն ատոմակայանի տարածքում կրկնակի ցածր է եղել անվտանգության համակարգի միացման համար թույլատրելի սանդղակից: Կայանը շարունակում է աշխատանքը իր բնականոն ռեժիմով՝ թույլատրելի ամբողջ հզորությամբ»,- նշեց մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ եւ արեւելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երեւան քաղաքից 8 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երեւան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Մինչեւ այս պահը ԱԻՆ-ը հայտնել է շուրջ 46 հետցնցման մասին։