Գերմանիան պետք է երկարացնի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու իր մանդատը, որպեսզի սպառնալիքի տակ չդնի Աֆղանստանի իշխանությունների եւ արմատական «Թալիբան» շարժման միջեւ բանակցային գործընթացը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը՝ Funke խմբագրական խմբի կողմից շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում:

«Բունդեսթագի նոր մանդատի շնորհիվ մենք պատրաստ կլինենք տարբեր սցենարների»,- ասել է նա:

Գործող մանդատը ենթադրում է մասնակցություն ԳԴՀ մինչեւ 1,3 հազար զինծառայողների առաքելությանը: Այն լրանում է մարտի 31-ին: Խորհրդարանը պետք է երկարացնի այն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2020 թվականի փետրվարի 29-ին ԱՄՆ նախկին վարչակազմը եւ «Թալիբանը» Դոհայում խաղաղության համաձայնագիր էին ստորագրել: Պայմանավորվածությունների համաձայն՝ ԱՄՆ-ը, նրա դաշնակիցները եւ կոալիցիան պարտավորվել էին 14 ամսվա ընթացքում բոլոր զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Թալիբներն իենց հերթին երաշխավորել են, որ չեն օգտագործի Աֆղանստանի տարածքը գործողությունների համար, որոնք սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների անվտանգությանը: Փետրվարի 4-ին Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ նոր վարչակազմը դեռ որոշում չի կայացրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու մասին:

Suddeutsche Zeitung թերթը նշում է, որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելու ապրիլի վերջին նշանակված ամսաթիվը անիրատեսական է համարվում: Ինչպես հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը, ստեղծված իրավիճակում Գերմանիան «պատրաստվում է տարբեր սցենարների» եւ իր գործողությունները համաձայնեցնում է Միացյալ Նահանգների հետ: Միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ առաքելությանը ավելի ուշ մասնակցելը, քան թալիբների եւ Միացյալ Նահանգների միջեւ համաձայնեցված ամսաթիվը, կարող է հղի լինել ռիսկերով: «Այս դեպքում մենք պետք է ավելի լավ ապահովենք մեր զինվորականների պաշտպանությունը»,- ասել է նա: