Արևմուտքի կողմից Վենեսուելայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները կործանարար ազդեցություն ունեն մարդու իրավունքների համար:

Նման տեսակետ է հայտնել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հատուկ զեկուցող Ալինա Դուհանը՝ Կարակասում իր ելույթի ժամանակ, հայտնում է CNN-ը:

Պաշտոնյան, մասնավորապես, շեշտել է՝ «արևմտյան պատժամիջոցների պատճառով Վենեսուելայում խորանում է տնտեսական ճգնաժամը, դրանք կործանիչ ազդեցություն ունեն մարդու իրավունքների լայն շրջանակի, մասնավորապես, սննդի, առողջության, կյանքի, կրթության ու զարգացման իրավունքի համար»:

Հիշեցնենք՝ Վենեսուելայի տնտեսությունը սկսել է անկում ապրել 2014 թվականին, որի հիմնական պատճառը նավթի գների շարունակական իջեցումն է: Ստեղծված իրավիճակը երկրում մի շարք խնդիրների, այդ թվում՝ համատարած կոռուպցիայի պատճառ է դարձել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, 2017 թվականից ի վեր ԱՄՆ-ն մի շարք տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ: Պատժամիջոցներ են սահմանվել Վենեսուելայի տնտեսության առանցքային դերակատարներից մեկի`PDVSA պետական նավթային ընկերության, ինչպես նաև մի շարք պաշտոնյաների նկատմամբ: