Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Փլուզումների վերաբերյալ ստացված  ահազանգերից հաստատվել են դեռեւս չորսը․ Երեւանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում), Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում), Չեխովի փողոցում՝ (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) եւ Կոմիտասի պողոտայում (շենքի պատից պոկվել է մոտ 10 սալիկ):

Հերքվել է նախնական տվյալների համաձայն Այվազովսկու փողոցում տուժած քաղաքացու առկայությունը։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 13-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ եւ արեւելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երեւան քաղաքից 8 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երեւան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Մինչեւ այս պահը ԱԻՆ-ը հայտնել է շուրջ 46 հետցնցման մասին։