Արտահերթ ընտրությունների պահանջ չկա, կա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլը պետք է հեռանա և վերջ։ Արտահերթ ընտրությունների գնալը, այն էլ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, հղի է նոր ցնցումներով, նոր խնդիրներով, նոր բախումներով։ Ավելին, մի մարդ, որը ոստիկանական շքախմբով, վահաններով, զոռբայությամբ, սրբապղծությամբ մտնում է Եռաբլուր, այդ մարդու հետ գնում ենք ընտրություն ի՞նչ անենք», — ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ ընդդիմադիր բևեռը միակարծիք է՝ պետք է պայքարել «դավաճանական ռեժիմից օր առաջ ազատվելու համար»։

Շարմազանովի խոսքով՝ քաղաքական ճնշման արդյունքում Նիկոլ Փաշինյանը գնալու է։

«Եթե Նիկոլ Փաշինյանի համար ՀՀ ապագան արժեք չունի ու թանկ չէ, մեզ համար թանկ է, մեր ու իր տարբերությունը մի բանում է. ամենագլխավորը, որ ինքը մտածում է միայն իր վերարտադրության մասին, մենք՝ հայրենիքի փրկության մասին, իրենից ազատվելու մասին։ Ինքը հրաժարական տալու է ու ոչ շատ հեռու ժամանակաշրջանում», — նշեց ՀՀԿ խոսնակը։