Hraparak.am-ը գրում է.

Կառավարման ժողովրդավարական համակարգի կարեւորագույն սկզբունքներից երկուսը թափանցիկությունն ու որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցությունն են: Նախկինում ընդդիմադիր խմբագիր եւ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյան Նիկոլը քննադատում էր գործող իշխանություններին ոչ թափանցիկ աշխատաոճի համար: 2018-ի ապրիլյան իրադարձությունների շնորհիվ վարչապետ կարգվելով՝ սույն անձը ՀՀ «հպարտ» քաղաքացիներին խոստանում էր կառավարման սկզբունք դարձնել ժողովրդավարության վերը նշված սկզբունքները: Եվ ՀՀ «հպարտ» քաղաքացիներն իրենց պատկերացնում էին երկրի իսկական տերեր՝ անգամ վարչապետներ, ինչպես նրանց համոզել էր Փաշինյան Նիկոլը: Եվ այդ պատկերացումը դիմացավ բավականին երկար՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի որդեգրած աշխատաոճի՝ պոպուլիզմի շնորհիվ:

Իրականում, ՀՀ քաղաքացին նախկինների օրոք այդքան հեռացված չէր եղել երկրի կառավարումից, որքան Փաշինյան Նիկոլի վարչապետության ժամանակ: Թափանցիկությունը եւս այն սկզբունքը չէր, որով կարող էր իրականում գլուխ գովել «թավշյա» հեղափոխականների կառավարությունը: Սակայն մարդիկ դեռեւս իներցիայի ուժով շարունակում էին գործող իշխանությանը վերագրել հատկանիշներ, որոնք, անպետքության պատճառով, վաղուց արդեն աղբարկղ էին նետվել: Եվ Փաշինյան Նիկոլին պաշտող կամ նրան դեռեւս վստահող հանրույթի համար պարզ երկնքում պայթած որոտի նմանվեց վերջինիս կողմից հասարակությունից գաղտնի կապիտուլյացիոն եռակողմ հայտարարության ստորագրումը:

Գիտակից հայաստանյան հասարակությունը եւ սփյուռքը մեկ ուրիշ ցնցում ապրեցին, երբ հայտնի դարձավ, որ պատերազմի օրերին համահայկական «Հայաստան» հիմնադրամում ողջ հայության ջանքերով հավաքված 170 միլիոն ԱՄՆ դոլարից շուրջ 53 միլիարդ դրամ կամ ողջ գումարի շուրջ 60 տոկոսը հատկացվել է կառավարությանը: Իսկ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, որ նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պետբյուջե են փոխանցվել հիմնադրամի մնացած միջոցները. դրա մասին ԱԺ նիստում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Փաստորեն, արձանագրելով հիմնադրամի միջոցների շուրջ 60 տոկոսի փոխանցման նկատմամբ հայության բացասական արձագանքը՝ մնացած մասը փոխանցվել է գաղտնիության պայմաններում: Եվ զարմանալի է, որ փոխվարչապետ Գրիգորյանը հիշատակել է այդ երեւույթի մասին՝ կարող էր անտեղյակ ձեւանալ, ինչը բնորոշ է «թավշյա» հեղափոխականների իշխանությանը: Կարող ենք ենթադրել, որ, չնայած Փաշինյան Նիկոլի եւ նմանների հետ ամենօրյա շփումներին, պարոն Գրիգորյանը դեռեւս պահպանել է ազնվությունը (տվյալ հատկանիշն ավելի ճշգրիտ արտահայտվում է ռուսերեն «порядочность» բառով): Ցավալի է, սակայն փաստ. ժողովրդի ուսերի վրայով գալով իշխանության՝ Փաշինյան Նիկոլը ոտնատակ տվեց բոլոր հնարավոր արժեքները:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ