Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 12-ին հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունները խզելու պատրաստակամության մասին։

Դա տեղի կունենա, եթե երկրի իշխանությունները տեսնեն, որ «ինչ-որ ոլորտում պատժամիջոցներ են կիրառվում, որոնք վտանգում են ՌԴ տնտեսությունը, այդ թվում նաև ամենազգայուն ոլորտները», հայտարարել է նա «Սոլովյով Live» YouTube-ալիքին տված հարցազրույցում։ «Մենք չենք ցանկանում մեկուսանալ համաշխարհային կյանքից, սակայն պետք է դրան պատրաստ լինել։

Խաղաղություն ես ցանկանում՝ պատրաստվիր պատերազմի»,- հավելել է ռուս նախարարը։ Ռուսաստանի ու Եվրոպական միության հարաբերությունները վերջին շաբաթների ընթացքում սրվել են։ Այսպես՝ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 5-ին անցանկալի անձ է հայտարարել Գերմանիայի, Լեհաստանի ու Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչությունների 3 աշխատակցի։

Ռուսական կողմը նրանց մեղադրել է հունվարի 23-ին Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Նախարարության դիրքորոշումը Եվրամիության, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի քննադատությանն է հանգեցրել։

Բեռլինը, Ստոկհոլմն ու Վարշավան ի պատասխան հայտնել են 3 ռուս դիվանագետների արտաքսման մասին։ Իսկ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եռօրյա այցից հետո Մոսկվային մեղադրել է երկխոսության պատրաստ չլինելու մեջ:

«Լավրովի հետ հանդիպումը հաստատեց, որ Եվրոպան և Ռուսաստանը շարժվում են տարբեր ուղղություններով»,- հայտարարել է եվրոպացի դիվանագետը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը դեմոկրատական արժեքների մեջ տեսնում է էքզիստենցիալ սպառնալիք։ Բորելը մտադրված է առաջարկել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ։ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն այս հարցը փետրվարի 22-ին։