ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի որոշման համաձայն՝ բարձրադիր գոտիներում մինչև 2020 թվականի հունիսի 5-ը նախատեսվել է գետերի առափնյա հատվածներում իրականացնել ծառատնկման աշխատանքներ, որի հիման վրա շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի և «Հայանտառ» կազմակերպության միջև 2020 թվականի մայիսի 20-ին կնքվել է պայմանագիր և «Հայանտառ» կազմակերպությանը փոխանցվել է ընդհանուր 105 միլիոն 940 հազար դրամից ավելի գումար։

Այնուհետև «Հայանտառի» «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենն ու այլ իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով և խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, նույն օրը կազմակերպել են իրենց փաստացի պատկանող ընկերությունների հետ ընդհանուր 435 հազար ուռենու շիվերի մթերման և տնկման ծառայությունների մատուցման ձևական պայմանագրերի կնքման գործընթացներ։
Դրանից հետո վերոհիշյալ պաշտոնատար անձինք, «Հայանտառ» կազմակերպության կողմից իրենց կազմակերպություններին փոխանցված ընդհանուր 25 միլիոն 572 հազար դրամը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, չեն կատարել նշված պայմանագրերով նախատեսված աշխատանքները, սակայն կազմել են պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման ակտեր, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառել ուռենու շիվերի մթերման ու տնկման, ինչպես և բանվորներին հետադարձով իրենց բնակավայրից անտառ տեղափոխելու վերաբերյալ։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով վատնման եղանակով հափշտակել են այդ աշխատանքների համար փոխանցված՝ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 25 միլիոն 572 հազար դրամը։


Դեպքերի առթիվ ՔՈԳՎ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե: