Խաղաքարտերը խառնվեց, որովհետեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտավ  խաղի մեջ։ Նա հայտարարեց, որ եթե անգամ վարչապետի օրոք ընտրություններ տեղի ունենան, իրենք մասնակցելու են, ինչը խառնեց վարչապետի տրամադրությունները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Իշխանությունների հայտարարությունը, թե ընդդիմությունը դրական չարձագանքեց ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իշխանությունների առաջարկին եւ հանրության լայն շերտերի շրջանում արտահերթ ընտրությունների պահանջ չկա, քաղտեխնոլոգը սուտ է որակում։

«Երբ հայտարարում ես, որ հանրային տրամադրությունները հօգուտ արտահերթ ընտրությունների չեն, առնվազն պետք է ցույց տալ դրա հիմնավորումը։ Արդյոք սոցիոլոգիական հարցո՞ւմ է անցկացվել, ե՞րբ, ո՞ր կազմակերպություններն են արել, ո՞վ է ֆինանսավորել այդ հարցումը, նման հայտարարություն չարվեց, իսկ հասարակության տրամադրությունները միայն սոցիոլոգիական հարցումների միջոցով կարելի է իմանալ, եթե, իհարկե, ընտրություններ չեն։ Եթե սոցիոլոգիական հարցում չի եղել, ապա ինչպե՞ս են հասարակական տրամադրությունները շոշափել, իջե՞լ են  փողոց եւ առաջին հանդիպած 10 մարդուն հարցրե՞լ են, իսկ եթե նրանք դեմ են ընտրություններին, նրանց հաջորդած 100 հոգին կո՞ղմ է ընտրություններին։ Այս հայտարարությունը բացարձակ սուտ է, սուտ է նաեւ այն, որ ընդդիմությունը դրական չի արձագանքել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկին, նրանք պաշտպանում են, ուղղակի նրանց մի մասն ասում է, որ վարչապետի հրաժարականի դեպքում կգնան ընտրությունների։ Ինչո՞ւ իշխանությունները հետ կանգնեցին ընտրություններ անելուց, որովհետեւ քաղաքականություն մտավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նա արձանագրում է, որ թեեւ Հայաստանում խորհրդարանական կառավարում է,  եւ թվում է, որ պետք է կուսակցությունները ծանրակշիռ դեր ունենային, բայց դա այդպես չէ։ Ըստ նրա՝ փաստացի նախագահական կառավարման երկրում ենք ապրում, որտեղ քաղաքացիները  գերադասում են անձերին։

Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում: