Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններն Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հակասում էին ԱՄՆ օրենսդրության հակաահաբեկչան դրույթներին, այս մասին ԱՄՆ Հայկական Համագումարի (ԱՀՀ) առցանց համաժողովին հայտարարել են ԱՀՀ համանախագահներ Վան Գրիգորյանը և Էնտոնի Բարսամյանը։

Օրերս առցանց ձևաչափովտեղի ունեցած ԱՀՀ խորհրդակցությանը մասնակցում էին Համագումարի Հոգաբարձուների Խորհրդի անդամներն, ինչպես նաև ՀՀ Դեսպան Վարուժան Ներսեսյանն ու Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Քննարկման սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին պատերազմի ընթացքում զոհված զինվորականների և քաղաքացիականների, ինչպես նաև համավարակի արդյունքում վախճանվածների հիշատակը։

Համագումարի կողմից ներկայացվել են մանրամասներ կազմակերպության գործունեության վերջին զարգացումների մասին։ Հայաստանի դեսպանը երախտագիտություն հայտնելով ԱՀՀ-ին և ամերիկահայ համայնքին Արցախին և Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար՝նաև ընգծել է, որամերիկյան նոր վարչակազմի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթություն է ՀՀ դեսպանատան օրակարգում: Վերջինիս նպաստող հանգամանք է նախագահ Ջի Բայդենի հանձնառությունը ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին առնչվող արժեքներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ամերիկյան ճանաչմանըերկարամյա աջակցությունը։

Մեր դեսպանը շեշտեց, որ Հայաստանի անվտանգությունն անբաժանելի է Արցախի անվտանգությունից: «Հայաստանի ապագան հնարավոր չէ պատկերացնել առանց Արցախի ապագայի»,- նշեց Վարուժան Ներսեսյանը՝  շեշտելով նաև հայ գերիներին Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների ազատ արձակելու անհրաժեշտության մասին։

Դավիթ Բաբայանը կարևորեց Արցախում մնացած տեղաբնակներին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապությունը։ Եզրափակիչ մասում ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին փոխանցեց, որ մարտ ամսին Ամերիկայի հայկական համագումարը վիրտուալ ձևաչափով կանցկացնի ամերիկահայերի շահերի պաշտպանությանն ուղղված իր տարեկան համաժողովը։