Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը և Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարը ողջունել է հյուրերին Արդարադատության նախարարությունում և անդրադարձել դեսպանի այցի օրակարգային հարցերին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայությանը և հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակին առնչվող համագործակցային մի շարք հեռանկարային հարցեր:

Մասնավորապես՝ դեսպանի հարցմամբ, փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է Քրեական դատավարության և Քրեական նոր օրենսգրքերի բարեփոխումների շրջանակը՝ ընդգծելով, որ վերականգնողական արդարադատության կայացման հիմնական գործիքը Նախարարության համար Պրոբացիայի ծառայությունն է՝ կարևորելով Ծառայության բովանդակային և կիրառական կարողությունների զարգացումը: Այս համատեսքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեհաստանի պրոբացիոն մոնիթորինգային փորձի փոխանակման վերաբերյալ՝ կիրառվող տեխնիկական սարքերին, ծրագրային ապահովումներին ծանաթանալու, ինչպես նաև ԱՆ Պրոբացիայի ծառայությանը հնարավոր տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտների ներդրման ու գործունեության ընթացքը և դրանց կազմավորմանը նախորդող օրենսդրական լայնածավալ աշխատանքները:

Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ևս դեսպան Չեպլակն ընդգծել է համագործակցության հնարավորությունը՝ Լեհաստանի Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի հետ փորձի փոխանակման կազմակերպման միջոցով:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

 

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն