Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 11-ի նիստում վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին որոշում կայացրեց: Ըստ այդմ, սահմանվեց, որ կառավարության մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31–ը ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի ՀՀ դրամով 14%-ը,

Բացի այդ, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, որի արդյունքում վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին կտրամադրվեն 0 % տոկոսադրույքով:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շարունակականությունը և ֆինանսական կառույցների համար պետական աջակցության ծրագրերին մասնակցությունը ապահովելու, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսավարողների գործունեությունը խթանելու, ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար հավասար պայմաններ ապահովելու և արտոնություններ սահմանելու անհրաժեշտությամբ։

Միաժամանակ, արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված առաջացել են նաև խնդիրներ՝ պետական աջակցության ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար միանման արտոնյալ պայմաններ ապահովելու հարցում։

2020 թվականին գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից մարտի 26–ինընդունվեց N 356-Լ որոշումը, որով մասնավորապես պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկը և լիզինգը տնտեսավարողներին հասանելի դարձան 0 % տոկոսադրույքով, որի արդյունքում վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակում ներդրումները շուրջ 2 անգամ գերազանցեցին նախորդ տարվա ցուցանիշը և  ընդհանուր առմամբ կազմեցին շուրջ 101,0 մլրդ դրամ։

Մասնավորապես, Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում հատկացվել է 63,4 մլրդ դրամի վարկ, որը 1,8 անգամ գերազանցում է 2019 թվականին տրամադրված վարկերի գումարին։ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 2,6 մլրդ դրամի լիզինգ և ձեռք է բերվել 573 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որոնք 2019 թվականի ցուցանիշներին գերազանցում են 1,6 անգամ, իսկ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում 377 միավոր, որի լիզինգի գումարը 2,4 անգամ գերազանցում է   նախորդ տարվա ցուցանիշին։

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում աճը կազմել է 2,3 անգամ և տրամադրվել է 22,3 մլրդ դրամի վարկ։ Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամա¬նակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղա¬նոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 12,4 անգամ ավել վարկ և հիմնվել է 494,4 հա այգի, որը 9,7 անգամ գերազանցում է 2019 թվականին հիմնված այգիների տարածքներին։ Հայաստանի Հանրապե¬տու¬թյունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը պետական աջակցության ծրագրի շրջանակում ներդրումներն ավելացել են 2,9 անգամ և ձեռք է բերվել 3,2 անգամ ավել մանր եղջերավոր կենդանի, իսկ Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավա¬րա¬բու¬ծու¬թյան զարգացման ծրագրի շրջանակում՝ շուրջ 1,2 անգամ ավել խոշոր եղջերավոր կենդանի։

Վարկի և լիզինգի 0 % տոկոսադրույքով հասանելիությունը իր դրական ազդեցությունն է ունեցել նաև գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշի վրա։ Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2020 թվականին2019 թվականի նկատմամբ գյուղատնտեսության  համախառն արտադրանքի աճը կազմել է 1,4 %։ 2020 թվականին աճ է գրանցվել նաև պտուղբանջարեղենի և խաղողի մթերման ու արտահանման ծավալներում։ Այսպես,

հաշվետու տարում պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող ընկե¬րությունների կողմից մթերվել է շուրջ 96,8 հազար տոննա պտուղբանջարեղեն և 235,0 հազար տոննա խաղող, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը համապատասխանաբար 9,0  և 71,6 հազար տոննայով,  և արտահանվել է 145.8 հազար տոննա թարմ պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ՝ 2019 թվականի 142,9 հազար տոննայի դիմաց։

Սույն նախագծով սահմանվում է, որ գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ըֆինանսական կառույցների կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 14%-ը։ Միաժամանակ, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, այսինքնայնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին հասանելի լինեն 0 % տոկոսադրույքով։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ֆինանսական կառույցներին՝ մասնակցելու վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերին և ապահովելու գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շարունակականությունը, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար ապահովելու միանման արտոնյալ պայմաններ: