Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամությունն ու պատմական խոր ավանդույթները լավագույն հիմքն են փոխշահավետ համագործակցության զարգացման և խորացման համար:

Տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակն առավել մեծ կարևորություն է տալիս երկկողմ փոխշահավետ ծրագրերի շուտափույթ և լիակատար իրականացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և տարածաշրջանի:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ:

Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը նորովի է կարևորում մեր ժողովուրդների միջև առկա բարեկամությունը և փոխադարձ հարգանքը՝ հնարավորություն ընձեռելով առավել խոր փոխգործակցության:

Հայաստանը վճռական է բարեկամ Իրանի հետ առաջ մղելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների և տարածաշրջանի:

Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց:»