Երբ մեր արդարացի խնդրանքն ընդունվի եւ արդարացի որոշում կայացվի, մենք կրկին պատրաստ ենք անցնել մեր աշխատանքներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի հայոց լեզվի եւ հայ գրականության ուսուցչուհի Արմինե Սմբատյանը։

«Նախարարի հայտարարությունները շատ վիրավորական էին։ Դուք մեր ուղիղ եթերներից տեսել եք, թե նորանշանակ տնօրենն ինչպես  է խոսում ուսուցիչների եւ աշակերտների հետ։ Մի՞թե դա վայել է իսկական ուսուցչին։ Երբ մեր արդարացի խնդրանքն ընդունվի եւ արդարացի որոշում կայացվի, մենք կրկին պատրաստ ենք անցնել մեր աշխատանքներին։ Մինչ օրս մեր բողոքին արձագանքել են միայն ՀՀ կրթական տեսչական մարմինը եւ աշխատանքի եւ առողջապահություն տեսչական մարմինները։ Իսկ նախարարության կողմից մենք ստացել ենք միայն ճեպազրույց»,- ասաց Արմինե Սմբատյանը։

Ուսուցչական անձնակազմը՝ նախարարի հայտարարությունը համարում է անհիմն՝ նշելով, որ իրենք կատարում են իրենց սահմանադրական իրավունքը։

«Նախարարի խոսքից ես հասկացա, որ մեր սահմանադրական իրավունքն իրականացնելը որակվել է որպես աղմուկ, եւ որ մենք ընտրել ենք ապօրինի ճանապարհ։ Հաջորդ միտքն այն էր, որ դասադուլի կազմակերպիչները պատասխանատվություն են կրելու։ Դասադուլի կազմակերպիչներն աշակերտներն են։ Հետաքրքիր է, թե ի՞նչ պատասխանատվություն են կրելու աշակերտները։

Մեր դասադուլը եւ գործադուլնն անժամկետ է։ Նախարարը նշում է, որ ամենաբարձր կոչումը ուսուցչինն է։ Բայց այժմ 26 ուսուցիչներից 26-ի դիմումները մնացել են անպատասխան։ Մեր պահանջն արդար է, հանուն արդարության է, եւ այն պահին, երբ մեր պահանջը կատարվի, հաջորդ պահին մենք կանցնենք սովորական դասապրոցեսի եւ կլրացնենք մեր բաց թողածը»,- նշեց դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը։

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ շաբաթն է՝ ինչ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում դասապրոցես տեղի չի ունենում։ Այդ կերպ ուսուցչական անձնակազմն ու աշակերտներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը։ Ըստ նրանց՝ նոր տնօրենը Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ Ինքը՝ Քարմիլե Առաքելյանը  չի պատրաստվում հրաժարական տալ, պնդում է՝ շարունակելու է պաշտոնավարել։