Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաստատել է Մյանմարի (Բիրմա) ռազմական հեղաշրջման առաջնորդների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ գործադիր մարմնի որոշումը, հայտնում է BBC -ն:
Պատժամիջոցներն ուղղված կլինեն ռազմական հեղաշրջման առաջորդներին, նրանց ընտանիքի անդամներին և նրանց պատկանող բիզնեսներին: Քայլեր են ձեռնարկվում նաև զինված ուժերի կողմից ԱՄՆ-ում պահվող 1 միլիարդ դոլար դրամական միջոցների փոխանցումն արգելափակելու ուղղությամբ: Պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը հաջորդել է մայրաքաղաք Նայպիդոյում ընթացող ցույցերի ժամանակ հրազենային վիրավորում ստացած կնոջ մահվանը:
Բայդենը կոչ է արել հակադարձել հեղաշրջմանը և ազատ արձակել ձերբակալված քաղաքացիական առաջնորդներին՝ այդ թվում երկրի ընտրված առաջնորդ Աուն Սան Սու Չժիին:
«Բիրմայի ժողովուրդն իր ձայնը լսելի է դարձնում, և աշխարհը տեսում է», — ասել է նա ՝ խոստանալով, որ անհրաժեշտության դեպքում հետագա գործողություններ կձեռնարկվեն:
Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է դեպի Մյանմար արտահանման ուժեղ վերահսկողություն սահմանել, ինչպես նաև սառեցնել ԱՄՆ-ի այն ակտիվները, որոնք օգուտ են տալիս Մյանմարին՝ միևնույն ժամանակ պահպանելով աջակցությունը առողջապահության ոլորտին, քաղաքացիական խմբերին, Մյանմարի բնակիչներին ուղղակի օգուտ տվող այլ ոլորտներին:
BBC-ն նշել է, որ սրանք ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բայդենի կողմից հաստատված առաջին պատժամիջոցներն են:
Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն: