Էբոլա վիրուսից մահվան երկրորդ դեպքն են հաստատել Կոնգոյի արեւելքում Հյուսիսային Կիվու նահանգում, հաղորդում է Associated Press-ը:

Վիրուսի զոհ է դարձել 60-ամյա մի կին, հայտնել է նահանգի առողջապահության նախարար Նզանզու Սյալիտան:

Նախարարն ասել է, որ կնոջն ընդունել են նույն բուժկետում, որտեղ բերել էին նաեւ վիրուսի առաջին զոհին:

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ներկայացուցիչներ է ուղարկել Բիենայի եւ Կատվայի բժշկական գոտիներ՝ ավելի քան 100 շփումներին հետեւելու համար:

Կիրակի օրը առողջապահության պատասխանատուները Էբոլա տենդի դեպքը հաստատել էին Բիենա գյուղից մեկ այլ կնոջ մոտ, որը մահացել էր Բուտեմբոյում:

Բիենայի բժշկական գոտում նահանգապետի ներկայացուցիչ Լոնգ Մաբանգա Խուլիոն ասել է, թե երկու դեպքերը խուճապ եւ հիասթափություն են առաջացրել բնակիչների շրջանում:

Նահանգի առողջապահության նախարարը հայտնել է, որ երկրորդ զոհի մարմինը նախքան թաղումը մշակվել է համայնքի անդամների կողմից, ինչը մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում վիրուսի տարածման հետ կապված: Էբոլան տարածվում է մարմնի հեղուկների միջոցով, իսկ դիակները հատկապես վարակիչ են:

Թեեւ նախնական վարակի աղբյուրը դեռեւս անհայտ է, առաջին կինը, որը մահացել է, Էբոլայից ապաքինվածի կին է եղել, կիրակի օրը հայտնել է կառավարությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, թե անսովոր ոչինչ չկա այն բանում, որ խոշոր բռնկումից հետո հատուկենտ դեպքեր են տեղի ունենում:

Այս հայտարարությունը արվել է երեք ամիս չանցած այն բանից, երբ Կոնգոյում նոյեմբերին պաշտոնապես 11-րդ բռնկումն է ավարտվել:

Կոնգոյի արեւելյան մասում 2018-ի բռնկումը մահացության մակարդակով երկրորդն էր աշխարհում։ Մինչ հունիսիսն դրա ավարտը 2299 մարդ էր մահացել: