Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում ադրբեջանցիների կողմից Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակին նվիրված հուշարձանի պղծմանը:

Զախարովան նշել է, որ հուշարձանի ցանկացած պղծում անթույլատրելի է, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողի մասին, չի կարող այլ դիրքորոշում լինել:

«Երբ ստացել ենք այդ տեղեկությունը, կապ ենք հաստատել մեր ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք վստահեցրել են, որ վանդալիզմի դրսևորումը, հուշարձանների պղծումը արձանագրվել է Ադրբեջանի կողմից, հետաքննություն է անցկացվում, և վանդալիզմի դրսևորման մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Կցանկանայի, որ մենք միասնական լինեինք հուշարձանների պղծման և վանդալիզմի դեմ պայքարում: Կարծում եմ, որ ցանկացած նման երևույթ 21-րդ դարում պետք է դատապարտվի բոլոր պետությունների կողմից, որոնց ժողովուրդները տվել են իրենց կյանքը, որպեսզի մենք բոլորս ապագա ունենանք»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: