«Ամեն ինչ լավ է լինելու»։ Պատերազմի օրերին ծնողների ու քույրերի հետ խոսելիս միայն այս բառերն էր արտաբերում 19- ամյա Սերգեյ Պետրոսյանը՝ հանուն հայրենիքի նահատակված հերոսը։ Ծնունդով Տավուշի մարզի Իջևան քաղաքից էր, սակայն ապրում էին հարևան գյուղում՝ Գետահովիտում։ Քույրը՝ Լիաննա Պետրոսյանը Irakanum.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբայրը չնայած ուներ առողջական խնդիրներ, սակայն սեփական նախաձեռնությամբ ու ցանկությամբ մեկնել է բանակ։ 2020-ի հունվարի 18 տարեկան Սերգեյը մեկնում է բանակ։


Երկու քույրերի միակ եղբայրը բանակ զորակոչվելուց ուրախ է եղել։ Քույրը պատմեց բանակի քեֆ են արել, բարի ծառայություն ու անփորձանք մաղթել եղբորը։ Սերգեյն էլ քանի, որ երգել շատ էր սիրում ինչպես բանակի քեֆի օրը, այնպես էլ զինկոմիսարիատում հայրենասիրական երգեր է երգել։
«Ինքը շատ ուրախ մարդ էր, բարի ու հոգատար, ամենքին էլ հասնող ու օգնող էր»,- ասաց քույրը։

Սերգեյ Պետրոսյանը երազանքներ շատ ուներ։ Դպրոցն ավարտելուց հետո քոլեջ էր ընդունվել, նպատակ ուներ զորացրվելուց հետո կրթությունը շարունակել, ընտանիք կազմել՝ ընկերուհի ուներ։
«Պատերազմի ընթացքում թուրքերի կողմից մեքենա է բերել։ Մեջը եղել է զենք- զինամթերք։ Սկզբում իրա հրամանատարը չի թողել, բայց երբ գնացել քնել է, տղերքին ասել է, որ լավ ես գնում եմ բերեք, նայեք՝ չարթնանա։ Ասել են, եթե գնում ես, մի քանի անգամ կկրակես, գնացել տեսել է, որ մեքենայի մեջ մարդ չկա, մեքենան հասցրել է հայկական կողմ»,- ասաց քույրը։ Դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիում, որտեղ էլ հոկտեմբերի 23-ին զոհվել է Սերգեյ Պետրոսյանը։


Հոկտեմբերի 22-ին վերջին անգամ խոսել է ընտանիքի անդամների հետ։ «Միշտ մեզ դուխ էր տալիս, ասում էր ես կռվում չեմ․․ բայց իրա ընկերները պատմել են, թե ինչ դուխով տղա է եղել։ Իմ հետ խոսում էր կրակոցների ձայներ էր գալիս, ասում էի Սերգս ինչ է եղել, մի պահ լռում էր, հետո ասում էր, ամեն ինչ լավ է, ես լավ եմ, հետո կզանգեմ»։


Լիաննա Պետրոսյանը եղբոր կորստի հետ չի հաշտվում։ «Առանց իրա կյանքը դատարկ է, ես մենակ եմ ինձ զգում շատ, բայց բոլորի մոտ ցույց չեմ տալիս, չեմ արտահայտվում։ Մենք իրար հետ շատ կապված ենք եղել, ինքը մի ուրիշ էր՝ բոլորիս համար»,- ասում է քույրը։ Օգոստոսի 16-ին եղբոր ծննդյան օրն է։ Նախորդ տարի պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով արձակուրդ Սերգեյը չի կարողացել գալ։ «Ես ընդամենը մի անգամ եմ իմ ախպորը տեսել, ու շատ-շատ եմ կարոտել։ Շատ ահավոր ցավ է․․․․»։


Երկու ամիս շարունակ ընտանիքը փնտրել է Սերգեյին՝ դին չէին կարողանում գտնել։ Սերգեյին հուղարկավորել են դեկտեմբերի 5-ին։ Այդ ամբողջ ընթացքում հույս ունեին, որ իրենց զինվորը ողջ է, ցավոք 19-ամյա զինծառայողը անմահացել էր․․։ «Իրան ուզել էին տանել անպայման Եռաբլուր, բայց քանի որ հեռու էր, ուզեցինք մեր գյուղում հուղարկավորել»,- արցունքն աչքերին պատմում է քույրը։


Անավարտ բազմաթիվ երազանքներ, տանը սպասող ծնողներ ու քույրեր։ Լիաննան տան կրստերն է, ով ավագ եղբորը շատ է կարոտել։ Նրա գերեզմանին ամեն օր է հաճախում, թարմ ծաղիկներ տանում, չի մոռանում նաեւ եղբոր սիրած ուտելիքն էլ վերցնել։ Սպիտակ ձյունն է գրկել եղբոր շիրիմը։ Լիաննան է մաքրում է ձյունը, որ իր Սերգեյը, իր մինուճար եղբայրը չմրսի…:

Փայլակ Ֆահրադյան