Եթե ստանում ենք առաջարկ՝ այսինչ օրը մասնակցել ինչ-որ գործարանի բացմանը, ուսումնասիրում ենք, որ դա իսկական գործարք է, իսկական բացում է, գնում ենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով գործարանների բացումների միջոցառումներին մասնակցելուն, այնուհետ՝ այդ գործարանների փակվելուն։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը 2018-2020-ին մասնակցել է տարբեր ներդրումային ծրագրերի մեկնարկային միջոցառումներին, սակայն մի քանի գործարաններ բացվել ու հետո չեն աշխատել, և արդյո՞ք Քերոբյանը տեղյա՞կ է՝ ինչու չեն գործում, նախարարն արձագանքեց․

«Քանի որ ես նախկինում եղել եմ բիզնեսմեն, կարող եմ պատմել, թե ինչպես է ընթանում պրոցեսը։ Օրինակ՝ գազի բալոնների գործարանի մասին լսել եմ, որ երկու բաժնետերեր չեն կարողացել համագործակցել, համաձայնության գալ ինչ-որ հարցերի վերաբերյալ։ Բնականաբար, մեզ՝ որպես պաշտոնյաների, խնդրանք-առաջարկ է գալիս՝ մասնակցել ինչ-որ գործարանի բացմանը, մենք ուրախությամբ ընդունում ենք այդ առաջարկը, ոչ թե այն պատճառով, որ մենք գնանք, մեզ այնտեղ ցույց տանք, այլ որ մեր մասնակցությամբ խրախուսենք գործարարներին՝ աշխատել Հայաստանում»,- ասաց նա՝ նշելով, թե իրենց գործարանների փակման արարողություններին չեն կանչում։

Անդրադառնալով 2021-ին ակնկալվող ներդրումներին՝ նախարարն ասաց․ ««Ռենշին» ընկերության կողմից 50 մլրդ դրամի ներդրումն է, որն արդեն ընթացքի մեջ է։ Շվեդական IT ոլորտի մեծ ընկերություն հիմա ներդրումային գործընթացի մեջ է, արդեն ներդրումներ ունի ՀՀ-ում, որոնք մի քանի հազար են, բայց առաջին փուլում մոտ 1000 աշխատատեղ են բացելու։ Դա սկզբի փուլում՝ 10, բայց մինչև 40 միլիոն եվրոյի հասնող ներդրում է լինելու»,-նշեց նա։