Չնայած մեծ խոստումներին՝ աշխատատեղերի ստեղծումը շարունակում է մնալ Հայաստանի հեղափոխական իշխանությունների աքիլեսյան գարշապարը: Համեմատենք, թե Հայաստանի ղեկավարներից ում օրոք երկրում բացված և փակված աշխատատեղերի ինչպիսի համամասնություն է եղել:

Դիցուք՝ Լևոն Տեր Պետրոսյանի կառավարման շրջանում բացվել է շուրջ 8000 նոր աշխատատեղ, փակված աշխատատեղերի մասին տեղեկությունը բացակայում է, սակայն, կարելի է եզրակացնել, որ այդ թիվը բավականին մեծ էր՝ հաշվի առնելով երկրում ստեղծված վիճակը:

2002-2008 թվականների ընթացքում Հայաստանում տարեկան միջինը 3400 աշխատատեղ է ստեղծվել, իսկ դա նշանակում է որ Ռոբերտ Քոչարյանը կատարել է իր նախընտրական խոստումը այն է՝ ստեղծել 40 հազար նոր աշխատատեղ:

Հայաստանում 2016թ. տնտեսական աճը կազմել է ընդամենը 0,5%՝ նախատեսված 2,2%-ի փոխարեն: 2017թ. դրությամբ զբաղվածների թիվը Հայաստանում կազմել է շուրջ 1 մլն 12 հազար քաղաքացի, ինչը 2016թ. համեմատ աճել է ընդամենը 0.5%-ով: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանում բացվել է 20 հազար նոր աշխատատեղ, փակվել է 8 հազարը:

Ըստ ՊԵԿ տրամադրած տվյալների` 2018թ.–ի ապրիլին եկամտահարկ վճարող աշխատողների թիվը Հայաստանում եղել է 497 519 մարդ, 2018թ.–ի դեկտեմբերին նրանց թիվն ավելացել է շուրջ 40 000–ով` հասնելով 538 419–ի։ Իսկ 2019թ.–ի առաջին եռամսյակում եկամտահարկ վճարող աշխատողների թիվը դարձյալ նվազել է։ Այս տարվա մարտին, պաշտոնական տվյալներով, Հայաստանում կա 534 588 եկամտահարկ վճարող աշխատող։ Սա ևս վկայում է, որ Հայաստանում ոչ թե այդ քանակով նոր աշխատատեղեր են բացվել, այլ ընդամենը, 2018թ.–ի քաղաքական իրադարձությունների ազդեցությամբ պայմանավորված, գործատուներն օրինականացրել են մինչ այդ անօրինական հիմքով աշխատող իրենց աշխատակիցներին։ Փոխարենը՝ հեղափոխությունից հետո փակվել է ավելի քան 70 հազար աշխատատեղ: