Արցախում ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալու անվտանգությունը, քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը, պարենի եւ տարբեր ապրանքների փոխադրումը Լաչինի միջանցքով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«2020 թվականի նոյեմբերի 14-ից իրենց բնակության վայր է վերադարձել 52 415 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը: Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: