Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Համոզված եմ, որ դարավոր ավանդույթների վրա հիմնված մեր բարեկամական հարաբերությունները, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, կշարունակեն զարգանալ և ամրապնդվել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում:

Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում այսօր առավել քան երբևէ կարևոր են դարձել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, որոնց արագընթաց զարգացումը օրվա հրամայականն է»:

Նախագահ Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Աշխարհում և մասնավորապես մեր տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանը և Իրանը պետք է հետևողականորեն զարգացնեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը, որի հաջողության գրավականը մեր երկրների՝ դարերի խորքից եկող բարեկամությունն է»:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միմյանց կրոնի և մշակույթի հանդեպ փոխադարձ հարգանքի վրա հիմնված քաղաքական երկխոսության խորացումը մեծապես կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: