Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին մարզպետ, ներկայում Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ  Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովի հասցեին հնչեցրած մեղադրանքներն անապացուցելի են: Այս մասին գրում է eurointegration.com.ua կայքը:

«Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին առաջադրված մեղադրանքները մեղադրողի հույզերից բացի այլ ապացույցներ չունեն: Ուկրաինական դիվանագիտությունը չի շեղվի դրանց վրա և կշարունակի արդյունավետորեն հակազդել ռուսական հիբրիդային ագրեսիային, մոբիլիզացնել աշխարհն Ուկրաինային աջակցելու հարցում, բացել նոր շուկաներ ուկրաինացի արտահանողների համար և հաջողությամբ պաշտպանել արտերկրում գտնվող հայրենակիցների իրավունքները», — ասվում է մեկնաբանության մեջ:

ԱԳՆ-ն նաև կոչ է արել ուկրաինացի հասարակական դեմքերին բարեկամ Վրաստանում անհնազանդության կոչեր չանել:

«Նման հայտարարությունները կարող են դիտվել որպես միջամտություն մեր ռազմավարական գործընկերոջ ներքին գործերին: Ուկրաինական պետությունը երբեք չի դիմել և չի դիմելու նման միջամտությունների և կտրականապես դեմ է միջազգային ասպարեզում նման գործողություններին», — նշել է գերատեսչությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին «կաշառակեր և կոռումպացված» է անվանել: