Ես ստիպված եմ ձեզ հիշեցնել, որ դուք Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն եք, ոչ թե ԵՊՀ-ի պաշտպանը կառավարությունում կամ այստեղ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

«Երբ որ գրված է, որ կրթության, գիտության եւ մշակույթի բացառիկ հաստատություն է ԵՊՀ-ն, ձեր բոլոր հնչեցրած մտքերը կամ հիմնավորման մեջ գրածները մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ակադեմիական ռասիզմի: Սա ուղղակի անթույլատրելի է: Մենք գտնվում ենք 21-րդ դարում, եւ պարտավոր ենք բոլոր հանրային բուհերի համար ապահովել նույն պայմանները: Սա առնվազն ռասիզմ է ձեր կողմից ցուցաբերված: Ինչով է ԵՊՀ-ի մշակութային գործունեությունն ավելի բացառիկ, քան Կոնսերվատորիայի կամ Թատերական ինստիտուտի գործունեությունը, ինչով է ԵՊՀ-ի գիտական գործունեությունն ավելի բացառիկ, քան Բժշկականի կամ Պոլիտեխնիկ համալսարանի, որոնք բոլորը նույն ստատուսն ունեն: Այո, ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ դուք միայն ԵՊՀ-ի PR-ով չպետք է զբաղվեք ԱԺ ամբիոնից»,-ասաց Գորգիսյանը:

Անդրադառնալով նախագծին նա նշեց, որ այնտեղ բարձրագույն կրթության եւ գիտության կապը չի երեւում. «Ինչպե՞ս է այս մոդելը նպաստելու գիտության զարգացմանը: Ինչպես է իմ նշած այդ կապը ապահովելու»:

Ի պատասխան Դումանյանը պատգամավորին կոռեկտության կոչ արեց. «Պարոն պատգամավոր, Ձեզ կոչ եմ անում կոռեկտության, զսպվածության եւ հարգալից արտահայտչաձեւեր ընտրեք: Ինձ պետք չի հիշեցնել իմ զբաղեցրած պաշտոնը, ես չեմ մոռացել: Ես այստեղ ԵՊՀ-ի ներկայացուցիչը չեմ, ես նախարարն եմ: Երկրորդ, ռասիստական գնահատականներ կգնաք այլ միջազգային դատարաններում կհնչեցնեք: Բովանդակային դաշտում ձեւակերպեք ձեր հարցերը, ես պատրաստ եմ պրոֆեսիոնալ հարթության մեջ ցանկացած կնճռոտ հարց քննարկել, առանց գնահատականների: Եկեք պրոֆեսիոնալ դաշտ, եկեք համագործակցենք»:

Նախարարը նաեւ նկատեց, որ պատգամավորն է այստեղ ռասիզմի PR-ով զբաղված: