ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Ամուլսարի վերաբերյալ։

«Որպես քաղաքացի՝ կո՞ղմ եք հանքի շահագործմանը, և որպես երկրի վարչապետ՝ ի՞նչ որոշումներ եք կայացնելու, Ամուլսարը կշահագործվի՞, թե՞ ոչ»,- դիմելով Փաշինյանին՝ հարցրեց պատգամավորը։

Հարցին Փաշինյանի փոխարեն պատասխանեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, թե որոշումը շատ պարզ ու հստակ է՝ ստեղծել հնարավորություններ, որ երկրում լինեն հավելյալ ներդրումներ։

«Խոսքը վերաբերում է, մասնավորապես, հանքարդյունաբերությանը, և կարող է վերաբերել տարբեր հանքերի։ Մենք պետք է ուսումնասիրենք առկա խնդիրների հաղթահարման հնարավորությունները և ընդունենք որոշումներ։ Եթե այդ որոշումները բխեն ՀՀ շահերից, ուրեմն՝ այդ որոշումները կունենան նաև Ամուլսարի մասով շահագործում իրականացնելու հետևանքներ»,-ասաց նա։

Պատգամավորն արձագանքեց, թե կարծում է՝ կկայացվի այնպիսի որոշում, որ բնության հաշվին տարբեր մարդկանց գրպաններ և տնտեսություն գումարներ չեն գնա, կգերակայի նաև բնության պահպանման խնդիրը։ Ի պատասխան՝ Պապիկյանն արձագանքեց․ «Ինչպես նախկինում նշել ենք, կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից»,-ասաց Պապիկյանը։