Երեքշաբթի Իրանի Իսլամական Հանրապետությունում սկսվել է պատվաստումների ծրագիրը, որի առաջին փուլով պատվաստվում են 625 հիվանդանոցներում գտնվող շտապօգնության բաժանմունքների աշխատակիցները, հայտնում է Tehran Times-ը:

Պատվաստումները մեկնարկել են նախագահ Հասան Ռոհանիի հրամանով, որը վստահեցրել է ժողովրդին, որ ներմուծվող պատվաստանյութերն անվտանգ և հուսալի են:

«Ժողովուրդը պետք է զգա, որ իշխանությունները վստահում են ներմուծված պատվաստանյութերին, և  մենք բոլորս պատրաստ ենք պատվաստվել՝ վստահություն ստեղծելու համար»:

Իրանը Ռուսաստանից ներմուծել է «Սպուտնիկ V» պատվաստանյութ և նախատեսում է Մոսկվայի հետ համատեղ արտադրություն սկսել: Ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը Թեհրան է ժամանել անցած շաբաթ:

Ենթադրվում է, որ պատվաստումների ծրագիրը երկրների մեծ մասում երեքից յոթ տարի է տևելու, սակայն Իրանի առողջապահության նախարարությունը նախատեսում է ամբողջ բնակչության պատվաստումն ավարտել մինչև 2021 թվականի ավարտը կամ մինչև հաջորդ իրանական օրացուցային տարվա ավարտը (2022 մարտ):

Իրանցի գիտնականները աշխատել են կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութերի մշակման վրա, որոնցից երկուսը գտնվում են փորձարկման փուլում, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը:

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի անմիջական կառավարման ներքո գտնվող  Execution of Imam Khomeini’s Order կազմակերպության կողմից պատրաստված իրանական առաջին «ԿովԻրան Բարեքաթ» պատվաստանյութի առաջին ցուցադրական փորձարկումն իրականացվել է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կայացած միջոցառման ընթացքում:

Երկրորդ պատվաստանյութը Ռազի պատվաստանյութերի և շիճուկի հետազոտական ինստիտուտի արտադրանք է: