«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած յոթերորդ գումարման Ազգային ժողովը մշտապես հպարտացել է քննիչ հանձնաժողովների առատությամբ՝ իբրեւ հետեւողականության դրսեւորում, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ իրականում դրանք կարծես թե ձեւական բնույթ են կրում:

Թերեւս վաղուց հայտնի ճշմարտություն է, որ եթե ուզում ես որեւէ հարցի խորը քննությունը տապալել, ստեղծիր հանձնաժողով եւ խնդիրը կլուծվի: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը»:

Այսինքն՝ առաջին հերթին հենց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պետք է հետեւի խորհրդարանի աշխատանքների պատշաճ կատարմանը, սակայն դրա փոխարեն հակառակ երեւույթի ենք ականատես լինում:

«Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքին:

Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ այս քննիչ հանձնաժողովը վերջին անգամ նիստ է անցկացրել 2020 թվականի ապրիլի 17-ին, եւ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, այդ օրը հանդիպում է եղել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի հետ:

2019 թվականին էլ հանձնաժողովը 5 նիստ է անցկացրել:

Սակայն, ըստ էության, որեւէ բացահայտում այդպես էլ չի եղել: Հավելենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը արդեն ավարտվել է, սակայն հաշվետվությունը դեռեւս ներկայացված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում