SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝  փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:40-ի սահմաններում  «Աստղիկ»  բժշկական կենտրոնից  ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության  և հետաքննչական բաժանմունքների ծառայողները պարզել են, որ  Արտյոմ Բ.-ն հիվանդանոց է տեղափոխվել  Տերյան փողոցում գործող «Ցիտադել» բիզնես կենտրոնի մոտից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառն էլ եղել է այն, որ Արտյոմ Բ.-ն հեռախոսային SMS հաղորդագրություններ է ուղարկել Երևանի բնակիչ, 19-ամյա Ն. Կ.-ին, վերջինս էլ այդ մասին հայտնել է իր երկվորյակ եղբորը՝ Նարեկ Կ.-ին: Վերջինս էլ Արտյոմ Բ.-ին հայտնել է, որ չփորձի շարունակել հաղորդագրություններ ուղարկել քրոջը,  սակայն Արտյոմը խոստումը չի կատարել և կրկին հաղորդագրություն է  ուղարկել: Այդ մասին իմանալով, Նարեկ Կ.-ն հանդիպման  է հրավիրել Արտյոմ Բ.-ին, որի ժամանակ էլ վիճաբանություն է առաջացել և Նարեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արտյոմ Բ.-ին:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության  կենտրոնական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝  Նարեկ Կ.-ին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու  ուղղությամբ: