Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 10-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված եւ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները ստացած օրինագծերի՝ հերթական նիստում քննարկելու հարցերը:

Ազգային ժողովի նախագահը տեղեկացրել է, որ համաձայն պետական բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի, ի թիվս այլ օրինագծերի, հերթական նիստում կշարունակվի «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումը: Խորհրդարանին կներկայացվի բյուջեի վերջնական տարբերակը եւ պատգամավորների 2-րդ փուլ առաջարկությունների վերաբերյալ կառավարության տեսակետը

Ազգային  ժողովի նախագահը տեղեկացրեց ,որ 2-րդ նստաշրջանի օրակարգ է մտցվում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ ընտրելու մասին հարցը: Արցախի Հանրապետության նախագահի առաջադրած  Գլխավոր դատախազի թեկնածու Գուրգեն Նեսիսյանը այսօր հանդիպել է խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ:

Նիստի օրակարգում 2-րդ ընթերցմամբ կներկայացվի հարկային արտոնությունների օրինափաթեթը: Նախօրեին պատգամավորական առաջարկությունների հաշվառմամբ փոփոխված տարբերակը արժանացել է ֆինանասաբյուջետային եւ տնտեսական կառավարման գլխադասային հանձնաժողովի հավանությանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությամբ պատգամավորների քննարկմանը կներկայացվի «Քաղաքացիական ծառայության մասին»օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:Առաջարկվող կարգավորմամբ հստակեցվում է քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը:

Նախատեսվում են նաեւ հարցեր Արցախի Հանրապետության  նախագահին եւ կառավարության անդամներին, ինչպես նաեւ պատգամավորական հայտարարություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ին: