Ռազմական և արտակարգ դրության պահպանումը ինքնանպատակ չի կարող լինել, հարցը համապատասխան մարմնի ուշադրության գոտում է գտնվում, այն պահից, որ ռազմական դրություն պահպանելու հիմքերը կվերանան, անմիջապես ռազմական դրությունը կվերացվի Կառավարության կողմից, քաղաքական ենթատեքստ չկա: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, թե ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը և ե՞րբ է վերացվելու:

Արկադի Խաչատրյանի մյուս հարցին, թե ռազմական դրության պայմաններում ո՞վ կցանկանա ներդրումներ անել, Բադասյանը պատասխանեց՝ ներդրումներ անելու համար ոչ թե արտակարգ կամ ռազմական դրությունն է խոչընդոտում, այլ կոնկրետ իրավիճակը, փաստը, որն ընկած է ռազմական և արտակարգ դրության հիմքում. «Ինստիտուցիոնալ ներդրումների մասին խոսելիս՝ հիշեցնեմ եվրոբոնդերի հաջող թողարկումը 750 մլն դոլարի շրջանակներում, պահանջարկը եղել է 3 մլրդի շրջանակներում, դա լավագույն ցուցանիշն է»:

Արկադի Խաչատրյանը միջամտեց. «Ես խոսում եմ ռազմական դրության ժամանակ ներդրող ներգրավվելու մասին, ո՞վ պետք է գումար, գիտելիք բերի և տնտեսական  զարգացում ապահովվի, պնդում եմ, որ ռազմական դրությունը ընդգծում է անորոշությունը և ռիսկերի ֆոնը ներդրողների տեսանկյունից»:

Բադասյան նշեց, որ անվտանգային միջավայրին ոչ բոլոր հանգամանքները կարող են հրապարակվել, կառավարության հետ քննարկվել է ռազմական դրության դադարեցման հարցը և ապավինում են լիազոր մարմնի դիրքորոշումներին, իսկ ինչ վերաբերում է ներդրումներին, ապա նրա համոզմամբ՝ անվիճելի փաստ է, որ արժեթղթերի միջոցով էլ է հնարավոր ներդրումներ ապահովվել: