Ինձ են դիմել քաղաքացիներ, որոնց գույքը պատերազմի օրերին այս կամ այն կերպ օգտագործվել է բանակի կողմից եւ հիմա կամ վնասված վիճակում է, կամ գոյություն չունի. Ուզում եմ իմանալ՝ կառավարությունն ինչ ծրագիր էմշակել կամ փոխհատուցելու, կամ փոխարինելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ փաստացի մարդիկ զրկվել են իրենց սեփականությունից:

Ի պատասխան պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նշեց. «Այդ հարցը մենք ուսումնասիրում ենք, դա հաշվառված է, օրենքով նախատեսված է, հիմա մենք ստանում ենք հմապատասխան տվյալներ, որոնք ուսումնասիրելուց հետո կլինի որոշում, որ կամ փոխհատուցում կլինի կամ յան, ինչ դուք առաջարկում եք»:

Թագուհի Թովմասյանը նաեւ ահազանգեց, որ Սյունիքի մարզի Սրաշեն, Շիկահող համայնքների բնակիչները լսել են անկանոն կրակոցների ձայներ, ամենայն հավանականությամբ ադրբեջանական կողմից:

Վաղարշակ Հարությունյանն արձագանքեց, որ այդ ահազանգի մասին տեղյակ չէ, կշտի, կպատասխանի. «Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա ՊՆ-ն ամեն օր ներկայացնում է շփման գծխում եւ Ղարաբաղում իրավիճակը: Դեկտեմբերից մինչ օրս մենք չունենք որեւէ սպանություն շփման գծում, ունենք մի վիրավոր Շուշիում: Այս ընթացքում որեւէ միջադեպ, որ ֆիքսվել է մեր կողմից, չկա: Զինադադարի խախտումներ եղել են, օրինակ օրական 5 փամփուշտ է կրակվում, բայց ոչ ուղղված մեր դիրքերին: Օդ են կրակում: Բոլոր դեպքերը մենք գրանցում ենք եւ փոխանցում են խաղաղապահ ուժերին, եթե Արցախում է եղել: Իրենք քննություն են իրականացնում եւ ներկայացնում են»:

Վաղարշակ Հարությունյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպել է խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովի հետ. «Այդ հարցն իր առջեւ դրել եմ, որ կան դեպքեր, որոնք ուղղված չեն մեր դիրքերի, մեր բնակիչների կամ զինվորների դեմ, բայց կան: Ոնց ենք դրա հետ վարվելու: Ինքը նույն հարցը դրել է Հեյդար Ալիեւի (ըստ էության, նախարարը շփոթեց Իլհամ Ալիեւի անունը եւ տվեց նրա հոր անունը-խմբ) առջեւ, որ կան այսպիսի դեպքեր, որնց ենք դա գրանցում: Մոտեցումը հիմա ձեւավորված է: Կա կրակոց, մենք ֆիքսում ենք, փոխանցում ենք խաղաղապահ ուժերին»: