Etihad Airways ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում միայն այն օդաչուների եւ բորտուղեկցորդուհիների հետ, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, չորեքշաբթի ասել է Աբու Դաբիի պետական ​​ավիափոխադրողը:

Ավիաընկերությունը աշխատակիցներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր է տրամադրել, որը մշակվել է Չինաստանի ազգային դեղագործական խմբի (Sinopharm) կողմից:

«Մենք պատվաստանյութը մատչելի ենք դարձրել մեր բոլոր աշխատակիցների համար, որպեսզի ոչ միայն օգնենք պայքարել COVID-19-ի հետեւանքների դեմ, այլեւ` ճանապարհորդներին վստահության զգացում հաղորդելու համար»,- ասվում է գործադիր տնօրեն Թոնի Դուգլասի հայտարարության մեջ:
Պարզ չէ, թե քանի բորտուղեկցորդուհի եւ օդաչու է պատվաստվել: Ավիաընկերությունը հայտնել է, որ իր աշխատակիցների ավելի քան 75 տոկոսը ստացել է պատվաստանյութերի առնվազն առաջին դեղաչափը:

Դուբայական Emirates ավիաընկերությունն աշխատակիցներին առաջարկել է նաեւ Sinopharm պատվաստանյութը, ինչպես նաեւ` Pfizer-BioNTech-ի կողմից մշակված պատվաստանյութը:

Տարեսկզբից ԱՄԷ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճ է նկատվում, ընդ որում, փետրվարի 3-ին կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվը ռեկորդային 3.977-ի էր հասել: