Փետրվարի 7-ին հայ ուխտավորների մուտքը Դադիվանք արգելվել է, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վանական համալիր գնացած ուխտավորներին ադրբեջանցիները թույլ չեն տվել մտնել ներս։ Այս մասին նախօրեին տեղեկացրեց «Ազատ Արցախը»՝ նշելով, որ խմբին միացած են եղել նաեւ հոգեւորականներ, ովքեր պետք է հերթափոխեին համալիրում ծառայություն մատուցող հոգեւոր դասի ներկայացուցիչներին։ Ադրբեջանցիներն արգելել են հոգեւորականների ու ուխտավորների մուտքը՝ պատճառաբանելով, թե տեղեկացված չեն եղել խմբի մասին։ Նրանք ստիպել են, որ խումբը վերադառնա Գետավան ու սպասի ճշտումների, սակայն 3 ժամ անց՝ այդ ճշտումներից հետո, կրկին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք։
Հնարավոր համարո՞ւմ է, որ այս տեսակ միջադեպերը կրկնվեն, եւ ադրբեջանական կողմը հաջորդ անգամ այլ պատճառաբանություն ներկայացնի` արգելելով հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ «Չեմ կարող ասել, բայց ամեն ինչ էլ հնարավոր է…, որովհետեւ եթե մենք նայում ենք իրենց գործելաոճին, ցանկացած բան էլ հնարավոր է, առայժմ միայն անձնական տվյալներ եւ անվանացուցակ են ուզել, խաղաղապահներն էլ ասել են, որ տանք, մենք էլ տալիս ենք, կարեւորը՝ մեր ուխտավորը գնա, իր աղոթքն անի եւ վերադառնա։ Սա է մեր մտածումները»:
Հայկական կողմը եռամսյակը մեկ պետք է թարմացնի ՌԴ խաղաղապահներին տրվող տվյալները` ուխտավորների թվաքանակի, տրանսպորտային միջոցի, նրանց գալու եւ գնալու ժամերի հետ կապված: Քանի որ առաջիկայում եղանակը կտաքանա, եւ տուրիստական հոսքերն էլ աշխարհի տարբեր ծայրերից կշատանան, ըստ այդմ ուխտավորների թվաքանակը կշատացնեն. «Գուցե դարձնենք 60-70, դա արդեն իրենց հետ կխոսենք՝ նպատակահարմա՞ր է այդպես անել, թե՞ ոչ, եթե գտան, որ նպատակահարմար է, խնդիր չկա, կավելացնենք, առայժմ՝ մինչեւ մարտ ամիս, առաջին եռամսյակում նախատեսված է 25-30 ուխտավոր»։ Արցախի թեմի առաջնորդն ընդգծում է, որ իրենք այդ ցուցակն անմիջապես ՌԴ խաղաղապահներին են ներկայացնում, հենց նրանք են հայ ուխտավորներին ուղեկցում եւ առաջնորդում դեպի վանք:
Ինչ վերաբերում է ուխտավորների անվտանգությանը, Արցախի թեմի առաջնորդը չի կարծում, որ առանձնապես վտանգի հարց կա, ավելի շատ տեխնիկական բնույթի խնդիրներ են. «Նաեւ պահանջ են դնում, որ նկարողներ, լրագրողներ չլինեն, մենք էլ փորձում ենք նկարահանողներ չտանենք, տեսանկարահանումն արգելված է վանքի տարածքում, չգիտեմ՝ եթե կարեւոր նկարահանում լինի, եւ նախօրոք տեղյակ պահվի, գուցե այլ մոտեցում լինի, եւ բանակցությունների միջոցով թույլատրեն, բայց առայժմ արգելված է»:
Անդրադառնալով Դադիվանքի հոգեւոր կյանքին, Արցախի թեմի առաջնորդը նշեց, որ ամեն ինչ նորմալ ընթանում է, օրական 4-5 անգամ ժամերգություն է լինում, նաեւ՝ պատարագներ, իսկ վանքում ծառայություն է մատուցում 6 հոգեւորական, որոնք մշտապես մնում են այնտեղ: