Ժամկետային զինծառայողներին այլեւս Արցախ չեն ուղարկում։ Ձմեռային զորակոչը փաստացի մեկնարկել է, եւ ինչպես հայտնի է դարձել Sputnik Արմենիային, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում։Sputnik Արմենիային հաջողվեց նաեւ պարզել, որ ավանդական վիճակահանության ժամանակ Արցախի զորամասերը նշված չեն տարբերակների մեջ:
Ավելի վաղ մամուլում եւ սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմալուծման մասին: Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ավելի ուշ հայտարարեց, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով։ Այնուհետեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով պաշտպանության բանակի լուծարման լուրը։