Պատերազմում թիկունքի հետ կապված խնդիրներ են եղել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Այո, դրանք բարձրաձայնվել են, համապատասխան մարմինները ուսումասիրություններ են կատարում, եղե՞լ են մեղավորներ, այդ մեղավորները կգտնվեն», — ասաց նախարարը։

Արշակյանի խոսքով՝ Հայաստանը արտադրական կարողությունների զարգացման խնդիր ունի։

«Եկեք պարզ խոսենք, մենք արտադրանք տալու լրջագույն խնդիր ունենք, այս հարցերը պետք է իսկապես ընդունենք այնպիսին, ինչպիսին կա», — ասաց նա։

Հակոբ Արշակյանի խոսքով՝ պետք է հասկանալ, թե «Բայրաքթարները» քանի տարում ու ինչ ֆինանսավորումներով են ստեղծվել։

«Եթե մենք մեզ այդ հարցը չենք տալիս, ապա մենք հրաշքի ենք սպասում. պիտի իմանանք, որ հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ են ծախսվել ու դրանք, ասենք, տարիների ընթացքում է տեղի ունեցել», — ասաց Արշակյանը։